 
                        Հայաստանի և Իսլանդիայի ԱԳ նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին
 
                                    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը:
Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        