Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից։
ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջիլ Մորթիմերը՝ շեշտելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմները տևական լուծման և երկու երկրների միջև դրական հարաբերությունների չեն հանգեցրել։
«Նույնիսկ ռազմագերիները չեն վերադարձվել։ Եթե այս երկրները ցանկանում են խաղաղ ապրել միմյանց հետ՝ որպես լավ հարևաններ, ապա նրանք պետք է միջոց գտնեն՝ ազնվորեն և բարեխղճորեն խոսելու միմյանց հետ։ Ես Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում ներգրավվել ԵԱՀԿ-ի ջանքերում՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այժմ մենք տեսնում ենք դանդաղ քայլերթ դեպի հումանիտար աղետ։ Մենք պետք է կանխենք դա», – ասաց Ջիլ Մորթիմերը։
Բանախոսը նաև շեշտեց Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը վերականգնելու կարևորությունը։
«Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը», – շեշտեց քաղաքական գործիչը։
Բրիտանիայի ներկայացուցիչը նաև շեշտեց, որ ցանկացած քայլ, որը կարող է տարածաշրջանը տանել դեպի հետագա քաոս և հակամարտություն, պետք է կասեցվի։
«Ես կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ փրկել իրենց ժողովուրդներին հետագա աղետից։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է և առաջ շարժվելու կամքը… Դրա առաջին քայլը Լաչինի միջանցքի վերաբացումն է», – նշել է բրիտանացի քաղաքական գործիչը։