Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին արձանագրվել է վճարվող աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից ստացած տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ. դեկտեմբերին՝ 704 420 վճարվող աշխատատեղ։Այս մասին հունվարի 26-ի Կառավարության նիստի շրջանակներում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին աշխատատեղերն ավելի են 44 949-ով, իսկ 2022 թվականին, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 15 6431 աշխատատեղով։ Նաև պետք է արձանագրեմ, որ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի մայիսի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավելի է 136 մլրդ 411 մլն դրամով։ 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավելի է 49 մլրդ 989 մլն դրամով, և նաև միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 53 247 դրամով կամ 19,2 տոկոսով։ Այս ցուցանիշը, հիշեցնեմ, շատ կարևոր է գնաճի հակազդման առումով և Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը գնաճից ավելի քան կրկնակի անգամ ավելի աճել է։ Ուզում եմ ընդգծել նաև այս ցուցանիշների կարևորությունը մեր ընդհանուր գլոբալ օրակարգի համատեքստում, որովհետև այս թվաբանությունն է ի վերջո որոշում, թե մենք ինչ ռեսուրսներ ենք գեներացնում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգերը սպասարկելու և լուծելու համար, որովհետև խոսքը աշխատատեղերի մասին է, խոսքը տնտեսական ակտիվության և հարկերի մասին է»,- նշեց վարչապետը:
2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել.
«Կրկին ուզում եմ վերադառնալ մեր իրականացրած բարեփոխման արդյունավետությանը, երբ մենք եկամտային հարկը իջեցրել ենք, բայց դեկտեմբերի տվյալով հավաքագրվել է 41 տոկոսով ավելի եկամտային հարկ: Ընդ որում, այս տարի նույնպես եկամտային հարկը Հայաստանի Հանրապետությունում ևս 1 տոկոսով նվազեց, և արդեն հասանք 20 տոկոսի։
Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ այս դինամիկան պահելու համար չափազանց կարևոր է մեր կապիտալ ծախսերի իրականացման ցուցանիշները և որակը։ Մենք շարունակաբար թերակատարում ենք և ուզում եմ կրկին այդ հարցին մեր ուշադրությունը հրավիրել։ Չնայած, երեկ մենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ աշխատանքային հանդիպում ունեինք և արձանագրեցինք, որ այս պահի դրությամբ մենք ճանապարհաշինարարության ոլորտում ունենք շուրջ 90 մլրդ դրամի արդեն իսկ կնքված պայմանագրեր։ Եվ պետք է հույս ունենանք, որ աշխատանքներն ամբողջությամբ կիրականացվեն և համոզված ենք, որ նաև նոր մրցույթներ էլ պետք է լինեն: Խոսքը հիմնանորոգման մասին է, այստեղ միջին նորոգումները և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ճանապարհային ծրագրերը դեռ ներառված չեն։ Ճանապարհների կառուցման, նորոգման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև դա երկրի արյունատար համակարգն է, երկիրն իմի բերող և իրար հետ կապող ենթակառուցվածքների մասին է խոսքը, և մենք պետք է այս տեմպով շարունակենք։ Բայց նաև կապիտալ ծախսերի մասով պետք է մեր աշխատանքի որակը և տեմպը փոխենք»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: