«Երկիր Մեդիայի» հայցը վարույթ ընդունել են, բայց միջնորդությունը՝ մերժել. մեր եթերը մինչև դատավարության ավարտն անջատված կմնա. Բագրատ Եսայան

«Վարչական դատարան ուղղված մեր հայցը վարույթ են ընդունել, սակայն մերժել են միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն իսկ համապետական սփռումից եթերազրկված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2022 թ. դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։ Դրանք են՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել, ինչի հետևանքով լիցենզիա չստացան:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն իրենց եթերից զրկելու առնչությամբ դիմել է Վարչական դատարան:

«Հայցի շրջանակներում դատարանին խնդրել ենք ՀՌՀ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ մեր եթերն անջատելուց: Ներկայացրել էինք նաև միջնորդություն մինչև դատավարության ավարտը եթերը չանջատելու վերաբերյալ՝ որպես հայցի ապահովման միջոց: Հիմա մեր հայցը վարույթ ընդունել են, բայց միջնորդությունը՝ մերժել: Այսինքն՝ մեր եթերը մինչև դատավարության ավարտն անջատված կմնա: Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Բագրատ Եսայանը:

Կարդացեք նաև

Նա հավելեց, որ դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին: Իրենց հայցը կքննի դատավոր Մերի Համբարձումյանը:

Տեսանյութեր

Լրահոս