Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունն անվավեր է ճանաչվել. կա նոր պաշտոնակատար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհուրդը 2023թ.-ի հունվարի 19-ին նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվել և անվավեր էր ճանաչվել ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի 2022-ի դեկտեմբերի 16-ին կայացած ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեցին Գեղարվեստի պետական ակադեմիայից՝ հավելելով, որ նիստի օրակարգում ներառված հաջորդ կետով ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում կողմ՝ 15, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, անվավեր՝ 0 ձայների հարաբերակցությամբ վերընտրվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը: Հետագայում պարզվեց, որ ռեկտորի թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը կատարվել է կառավարության ընդունած որոշման խախտմամբ:
Դեռևս 2021թ. հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։
Պետական մի քանի բուհի կանոնադրություններում (փոփոխված՝ նաև հոգաբարձուների խորհուրդների որոշումներով) ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ․ փոխարենը՝ առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա): Հետևաբար՝ Արամ Իսաբեկյանը չէր կարող առաջադրվել և մասնակցել մրցույթի, քանի որ չունի գիտական աստիճան: Արամ Իսաբեկյանը 1994 թվականից Երևանի գեղարվեստի ինստիտուտի (2000 թվականից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) ռեկտոր է: 2003, 2008, 2013 և 2017 թվականներին վերընտրվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: