Բաժիններ՝

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ փորձություններ լինեն

«Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մատթ․ 46։27)

Երբեմն, տեսնելով աշխարհում տիրող աղետները, պատերազմները, ցավալի դեպքերը, սկսում ենք հարցնել Աստծուն, թե ինչու է թույլ տալիս, որ կատարվեն դժբախտություններ ու աղետներ աշխարհում։ Մինչև անգամ հասնում ենք մարդկության ստեղծման արմատներ՝ հարցնելով՝ ինչո՞ւ Նա թույլ տվեց, որ տեղի ունենա աշախարհում առաջին ոճրագործությունը՝ եղբայրասպանությունը։ Եվ ապա՝ ինչո՞ւ թույլ տվեց, որ Քրիստոս միայնակ մնա Խաչի վրա՝ ասելով․ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մատթ․ 46։27)։

Սակայն պետք չէ մոռանալ մի կարևոր փաստ․ Աստված ստեղծել է մեզ՝ շնորհելով մեզ ամենակարևոր և ամենաթանկ արժեքներից մեկը՝ ազատ կամք, որը տնօրինում եք ինքներս՝ ապավինելով Նրան։ Ուստի՝ շնորհելով կամք՝ Նա տվել է մեզ նաև պատասխանատվություն՝ մեր կատարած գործերի հետևանքների համար։ Ո՞ր ուղին ենք ընտրում՝ որոշում ենք մենք։

Անշուշտ, կան այնպիսի աղետներ, որոնցում բացակայում է մարդկային գործոնը։ Երկրաշարժները, փոթորիկներն ու ջրհեղեղներն, օրինակ, մարդկային ձեռքով, մարդու ընտրության արդյունքում չէ, որ կատարվում են։ Սակայն սրանցում բացակայում է նաև Աստծու արարչական հետքը, քանզի եթե ասենք, թե Աստված թույլ է տվել, որ դրանք տեղի ունենան, կստացվի՝ Տերը կողմ է չարիքին։ Ո՛չ։ Այստեղ մենք գործ ունենք Աստծու հակակշիռ ուժի՝ չարի գործի, նրա ավերիչ ձեռքի հետ։

Սակայն քրիստոնյան դասեր է քաղում ամեն բանից։ Եվ երբ վերլուծում ենք այս իրադարձություններն ու դեպքերը, հասկանում ենք, որ դրանք կարող են ազդակներ դառնալ մեզ համար՝ պատգամի կատարման, թե «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ․ 26։41): Ուրեմն՝ ոչ թե միամտաբար հարցնենք, թե «Աստված ինչո՞ւ չարգելեց այս աղետները», այլ նայենք դեպի ներս և ինքներս մեզ հարց տանք՝ «Այս համատարած աղետների մեջ ցանկանո՞ւմ եմ բարին գործել, ապրել ու ապրեցնել , ունե՞մ խիղճ և սեր»։

Եթե ունենք վերջին երկուսը, ապա պարզապես անհնար է, որ հավատի ճանապարհին ունենանք անվստահություններ։ Մեր սերն ու խիղճը մեզ դրդում են՝ հավատալ Տիրոջը, քանի կանք, զղջալ մեր կասկածամտության համար և տեսնել Աստծուն՝ տեսնել Սերը՝ խնդրելով․ «Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու» (Սաղմ․ 69։2)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս