«Ինչ աստիճանի խեղված քաղաքական և բարոյական ներաշխարհ պետք է ունենա պետական այրը, որ ծառայած ու ողջակիզված զինվորի վրա բարդի ողջ եղելությունը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ տասնհինգ զինվոր տղա ողջակիզվում է: Բոլորը շոկի և ցասման մեջ են եղելության անբացատրելիությունից և դաժանությունից: Յուրաքանչյուր բանական մարդ այս ամենը տարավ շատ ցավոտ և ցասումով, որովհետև ոմանք առաջին անգամ բախվեցին բանակին վերաբերվող թշվառ իրականության և իշխանական քարոզչության անհամապատասխանությանը: Չեմ անդրադառնում պատահածին, դա վիշտ և կորուստ է, որը հավերժ մնալու է բացառապես տղերքի հարազատների սրտում ի տարբերություն բոլորի, բայց էականը այն է, թե պետություն և բանակ ներկայացնողները, ինչ ներկայացուցչական վարք ու խոնարհում ցուցաբերեցին ողջակիզված զինվորներին:

Երեկ մասնակցելով զինվորներից մեկի հոգեհանգստին ինձ չէր լքում մեկ միտք, թե ինչ աստիճանի խեղված քաղաքական և բարոյական ներաշխարհ պետք է ունենա պետական այրը, որ սեփական պետության անվտանգությանը ծառայած ու ողջակիզված զինվորի վրա բարդի ողջ եղելությունը, իսկ իր պարտականությունների թերացումները փորձի կոծկել և շեղել, որովհետև դրանք խոստովանելն ու իրականությունը ներկայացնելը կարող է իրեն քաղաքականապես վնասել և քանդել քարոզչական միֆերն ու թմրանյութային քարոզի հիմքերը:

Շատերդ զարմացած եք, թե ինչու համազգային սուգ չի հայտարարվել: Չի հայտարարվում նույն պատճառով, չսևեռել բոլորի ուշադրությունը եղելության վրա, չկարևորել կորուստն ու ցավը և ըստ այդմ մոռացության մատնել դեպքը, որպեսզի մոռացության մատնվեն իրենց քաղաքական վնաս հասցնող իրողությունները, որոնք շատ օպերատիվ կոծկվեցին, շեղվեցին և մեղավորներ էլ նշանակվեցին:

Եթե քաղաքական մրցակցության մեջ իշխանական PR մարտավարական ինքնապաշտպանական մանյովրները հանուն իշխանության պահպանման որքան էլ անընդունելի, բայց հասկանալի են քաղաքականության օրենքների տեսանկյունից, սակայն պետություն ներկայացնողների վարքաբանությունը այսպիսի դեպքում, ոչ թե մերժելի և անընդունելի է, այլ խոսում է այս իշխանության և պետություն հասկացության կատեգորիկ անհամատեղելիության մասին:

Այս իշխանության ներկայացուցչական ծախսերը երբեք չեն հավասարվելու իրենց ներկայացուցչական ֆունկցիայի ընկալմանը և մի օր հանգեցնելու են ներկայացուցչական սնանկությանը ողջ պերճանքով, բայց ողջակիզված և ըստ արժանավույնս չհարգված տղերքի կարման անխոսափելի է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս