«Մեր հարևանն Ադրբեջանն է, մենք նրանից ավելի վատ բաներ ենք սպասում, շատ լավ գիտենք՝ ով է, ինչերի է ընդունակ». Կարմիր Շուկայի դպրոցի տնօրեն
Արդեն 43-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է տոտալ շրջափակման մեջ։ Շրջափակման հետևանքով 120 հազար արցախահայեր զրկված են կյանքի տարրական պայմաններից։ Հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ստիպված էր նման որոշում ընդունել, քանի որ Ադրբեջանը պարբերաբար անջատում է գազամատակարարումն ու հոսանքը։
168.am-ի հետ զրույցում Կարմիր Շուկա համայնքի դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանն ասաց, որ առայժմ չեն կարողանում երեխաների կրթությունն ապահովել նույնիսկ օնլայն ձևաչափով։
«Իհարկե, այս ամենը շատ վատ է անդրադառնում երեխաների կրթության վրա, բայց պետք է հասկանանք, որ հնարավորություն չկա։ Դեռևս օնլայն ձևաչափի չենք անցել, հնարավորության դեպքում կանցնենք այդ ձևաչափին։
Եթե այս իրավիճակը շատ երկարի, ստիպված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գոնե երեխաներն օնլայն ձևով մի քանի ժամ դաս անեն»,- նշեց Էդիկ Բադասյանը։
Կարմիր Շուկայի դպրոցի տնօրենը վստահ է, եթե առաջիկայում ճանապարհը բացեն, ապա ուսումնական գործընթացն այնպես կկազմակերպեն, որ երեխաները բաց թողածը լրացնեն։
«Այսպես չենք թողնի, նույնիսկ արձակուրդների ու ազատ օրերի հաշվին բաց թողածը կլրացնենք, երեխաները չպետք է զրկվեն սովորելու իրենց հնարավորությունից»,- հավելեց նա։
Ըստ նրա, լավ ճանաչելով թշնամուն, նրանից դեռ ավելի վատ բաների են սպասում։
«Մեր հարևանն Ադրբեջանն է, մենք նրանից դեռ ավելի վատ բաներ ենք սպասում, շատ լավ գիտենք՝ ով է, ինչերի է ընդունակ։
Նման բան այլ երկրում լիներ, միջազգային կազմակերպությունները կսկսեին թմբկահարել, թե երեխաները զրկված են կրթությունից, բայց մեր դեպքում լուռ են։ Երևի այդ կառույցները իրենց շահերից ելնելով են խոսում կամ լռում»,- եզրափակեց Կարմիր Շուկա համայնքի դպրոցի տնօրենը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։