«Պաշտպանության նախարարը որևէ ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ, ինքն իր աշխատանքն արել է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության համար՝ ընդգծելով, որ այս ողբերգության պատճառի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները շատ չեն տարբերվում արդեն հայտնի տեղեկություններից։

«Գիշերը քնած են եղել, իրենցից մեկը որոշել է, որ պետք է կրակն ավելի ուժեղացնի, և 5 լիտրանոց տարայով լցրել է, որից հետո բռնկվել է հենց ինքը։ Վախից և այդ իրավիճակից շպրտել է, և այդ ամբողջ սենյակն այդպես, կարելի է ասել՝ այրվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ երբ հանդիպել է ողբերգության հետևանքով վիրավորում ստացած զինվորների հետ, նրա՞նք են դեպքն այդպես իրեն ներկայացրել, թե՞ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից է տեղեկացել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նաև վիրավորներն են ասել։

«Չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև զուտ անձնական զրույց է եղել։ Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատասխանատվություն կկրե՞ն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, օրինակ՝ Պաշտպանության նախարարը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Պաշտպանության նախարարը որևէ ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է։ Այդ քաղաքական սակարկումները շատ սին և անտեղի եմ համարում։ Այն բարեփոխումները, որոնք պարոն Պապիկյանն իրականացնում է, և այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է պատերազմից հետո, այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ։

Բարեփոխումները՝ սկսած անձնակազմի փոփոխություններից, վերջացրած կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել է և փոխվում է։ Մենք հիմա դրսից տարբեր որակի կահավորում ենք ներմուծելու Հայաստան»։

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց՝ Հայաստանը ֆինանսական խնդիրներ չունի բանակին տրամադրելու համար, և չի եղել որևէ դեպք՝ 2018 թվականից սկսած, որ գումարի պատճառով որևէ գնում չկատարեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս