Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը
Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 21-ին օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խաչի օծմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային իշխանության ներկակացուցիչներ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը:
Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Գյուղի վարչական տարածքի հետ համընկնող շուրջ 8 կմ երկարությամբ պետական սահմանը հսկում է սահմանապահ ջոկատը: Եկեղեցին հսկողության գոտում է՝ փշալարերից այն կողմ ու եկեղեցի մտնելու համար պետք է անցնել անցակետը: Տարին միայն երեք անգամ է, որ հատուկ ամրագրված ժամերին բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ եկեղեցի: Դրանք Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներին են:
Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ., վերանորոգվել 13-րդ դարում:
Հայկաձորը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղոշավանք կամ Ղուշավանք անվանումները: Նախկին գյուղը տեղակայված է այսօրվա գյուղից դեպի 300-400մ հարավ-արևմուտք: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին: