ԵՄ քաղաքականությունը կարող է հանգեցնել միության փլուզմանը․ Խորվաթիայի նախագահ

Անդամ երկրներում ժողովրդավարական չափանիշները պահպանելու Եվրամիության ջանքերը սպառնում են մասնատել դաշինքը: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը՝ քննադատելով Հունգարիային ֆինանսապես պատժելու ԵՄ-ի ջանքերը՝ օրենքի գերակայության չափանիշների ենթադրյալ խախտման համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

Այդ մասին Միլանովիչը հայտարարել է Բուդապեշտում իր հունգարացի գործընկեր Կատալին Նովակի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ԵՄ-ն չափից շատ է ընդլայնում իր լիազորությունները անդամ երկրների նկատմամբ՝ ասելով, որ այդքան վերահսկողությունը արագացրել է Brexit-ը։

Նա նշել է, որ ԵՄ-ն չպետք է դառնա «Եվրոպայի Միացյալ Նահանգներ», եւ հավելել, որ Հունգարիայի նկատմամաբ ԵՄ ընթացակարգերը, որոնց շրջանակում սառեցվել է միլիարդավոր եվրոների ֆինանսավորումը Բուդապեշտին՝ կոռուպցիայի եւ օրենքի գերակայության խնդիրների պատճառով, սպառնում է ոչնչացնել ԵՄ-ն:

«Նման մոտեցումը (ԵՄ-ի եւ Հունգարիայի միջեւ) խորապես նյարդայնացնում է», – ասել է նախագահը՝ զգուշացնելով, որ «այսօր դա Հունգարիան է, վաղը դա կլինի ավելի մեծ երկիր, որին պետք է «դաս տալ»:

Միլանովիչն ասել է, որ ինքը, ինչպես Հունգարիայի կառավարությունը, չի աջակցում Մոսկվայի դեմ պատժամիջոցներին եւ ուկրաինական հակամարտությունը որակել է որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխհարաբերությունների պատերազմ: «Խնդիրն այն է, թե որքան վնաս (պատժամիջոցներ) կհասցնեն մեզ։ Սա վնաս է Եվրոպային», – ասել է Միլանովիչը․ «Մեզ հաջողվեց մերձեցնել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Ո՞ւմ շահերից է դա բխում։ Ես ստիպված եմ լինելու պատասխանել այս բոլոր հարցերին, հատկապես նրանց, ովքեր իմ անունից կայացնում են այս որոշումներն են։ Պատասխան եմ պահանջում»:

Տեսանյութեր

Լրահոս