Գերմանիայի նոր ՊՆ ղեկավարը ծրագրում է այցելել Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Բունդեսվերը Եվրամիության ամենահզոր բանակը դարձնելու մտադրության մասին, հայտնում է Bild am Sonntag գործակալությունը։

«Գերմանիան Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, ուստի մեր նպատակը պետք է լինի նաեւ ԵՄ-ում ամենաուժեղ եւ ամենալավ զինված բանակի ստեղծումը: Սակայն դա հնարավոր չէ անել երեք տարում, դա կպահանջի եւս մի քանի տարի։ Հիմա իմ գործը ուղին հստակեցնելն է, որպեսզի բեկումնային կետը հաջողվի», – ասել է նա:

Պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու օր անց Ներքին Սաքսոնիայի 62-ամյա նախկին ՆԳ նախարարը այցելել է Գերմանիայի Ռամշթեյն ավիաբազա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպմանը։ Նա հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինային տրամադրվելիք օգնության հարցը։

«Մենք այս հարցի շուրջ շատ սերտ երկխոսություն ենք վարում մեր միջազգային գործընկերների եւ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ», – ասել է նա։

Գերմանական հրատարակություններից մեկի այն հարցին, թե՞ ինչ ռեսուրսների կարիք ունի Բունդեսվերն ամենաշատը, նա պատասխանել է. «Այժմ ամեն ինչ պետք է տեղի ունենա միաժամանակ՝ զենքի եւ տեխնիկայի գնում, զորանոցների արդիականացում եւ անձնակազմի հավաքագրում: Բացի այդ զորքերը պետք է զգան, որ դուք վստահում եք իրենց եւ երախտապարտ եք նրանց արածի համար»:

Պիստորիուսը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին. «Դա դեռեւս վերջնական չէ։ Սակայն ես շուտով կմեկնեմ Ուկրաինա։ Թերեւս նույնիսկ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում», – հայտնում է The Euro Weekly News-ը։

Տեսանյութեր

Լրահոս