«Լրագրողներից եմ իմացել՝ հերթական շոուն է, հանգիստ եմ ընդունում». Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Տեղեկությունը հայտնի է դարձել  Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ, որտեղ ընդգծված է նաև, որ սահմանադրական օրենքի նույն կետի պահանջով միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ տեղեկացել է լրագրողներից, որոնք զանգահարել են իրեն ու հետաքրքրվել մանրամասներից։

«Հարգելի լրագրողներ, այդ մասին ես տեղեկացել եմ ձեզանից, տարբեր զանգերից, հետագայում փորձեցի ծանոթանալ, ընթերցել, բայց չհասցրեցի։  Ես որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննաչական մարմիններն ասել են, որ կարող է նման  միջնորդություն լինել։ Գիտեք, որ երկար ժամանակ խոսում են դրա մասին, հետևաբար այսօրն են ընտրել, որպեսզի շեղեն այն իրավիճակից, որը տիրում է  Հայաստանում։

Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդրով և ամենակարևորը՝ երեկ ԶՈւ-ում ահասարսուռ դեպք է եղել, դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղեն։ Կարծում եմ՝ սա հերթական շոուն է, հանգիստ եմ ընդունում, երբ ստանամ փաստաթղթերը, իմանամ բովանդակությունը, հավելյալ տեղեկություններ՝ անպայման ձեզ կտեղեկացնեմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս