Վերին Դվին գյուղի 35-ամյա մի բնակիչը արնահոսող վերքով տեղափոխվել էր հիվանդանոց
Հունվարի 12-ի երեկոյան Արտաշատի շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դվինի գյուղապետարանի մոտ դանակահարված մարդ կա: Րոպեներ անց հաղորդում ստացվեց Արտաշատի բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Վերին Դվին գյուղի 35-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժողն ու 64-ամյա մի տղամարդ Դվինի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում վիճել էին, որի ընթացքում էլ 64-ամյա տղամարդը դանակով խփել էր 35-ամյա համագյուղացուն:
Հունվարի լույս 13-ի գիշերը իրավապահները Դվին գյուղում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Արարատի մարզային քննչական վարչություն ներկայացրին կասկածվողին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: