«Իրավունքն ուժ է, երբ դու կամք ունես»․ Տարոն Սիմոնյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան էլ որ ինքներս մեզ համոզենք, որ հնարավոր է մի իրականություն, որտեղ մեր խնդիրները լուծվում են բախտի բերմամբ՝ իներցիայով, կամ այլոց (ամենակարող պետությունների, հերոսների, իրավունքի) ջանքերի շնորհիվ, իսկ մենք այդ ընթացքում վայելում ենք ընթացիկ կյանքը՝ հոլիվուդյան ֆիլմերի, ֆեյսբուքյան միջավայրի, երևանյան գինեխմության սցենարներով, իրականությունը դրանից չի փոխվելու, բայց ծանրանալու են իրականության հետ բախվելու հետևանքները։

Ամեն օր բախվելով մի նոր թշնամական ու անմարդկային դեպքի հետ և այդկերպ ինքներս մեզ հարմարեցնելով սովորական դարձող ստրկական ու քոչվորական բարոյականությանը՝ ոչ մի խնդիր կյանքում չենք կարողանա լուծել՝ ո՛չ ազգային, ո՛չ պետական, ո՛չ ընտանեկան և ո՛չ էլ անձնական։

Այդկերպ չեն ապրում, այդկերպ նույնիսկ չեն գոյատևում, որովհետև այդկերպ՝ վերադառնում են բնություն, բայց ոչ որպես լուսավորությանը հասած և ոգու հետ միաձուլված հոգի, այլ որպես հողի հումուս ․․․

Հետևաբար ․․․ իրավունքը չէ, որ բնորոշում է կյանքը։ Ապրելու և արժանապատվություն ունենալու ԿԱՄՔՆ է, որ բնորոշում է իրավունքը։ Մնացածը թղթաբանության հարց է։

Որպես ազգ ու պետություն՝ անենք այն, ինչ պահանջում են կյանքն ու արժանապատվությունը, մնացածը իրավունքը կզարդանախշի։

Ազգային շահը, կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար կարիք չկա հայցել իրավունքի թողտվությունը։

Ազգային շահը, կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար ԿԱՄՔ է պետք՝ բնությունից բխող կամք ․․․

․․․ որովհետև ուրիշ տարբերակ չունենք․ #սկզբիցպետքէսկսենք , ամենախորքից՝ մարդ-անհատի ձևավորումից ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս