ՀՀ վարչապետի որոշումն անմիջական վնաս է հասցնում մարզպետարանների աշխատանքի հանրայնացմանը․ Հայկական PR ասոցիացիա

Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ փոփոխություններ են իրականացվել ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրություններում: Նոր փոփոխությունների համաձայն՝ Հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլվում է Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ՝ ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Հայկական Փի Ար ասոցիացիան՝ որպես Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն, իր խորին մտահոգությունն է հայտնում վարչապետի սույն որոշման վերաբերյալ: Այս որոշումն, ըստ էության, զրկում է մարզպետարաններին տեղեկատվական քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմից: Հասարակայնության հետ կապերի բաժինն այն միակ ստորաբաժանումն է, որը պետական մակարդակով ապահովում է մարզերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության մշակումն ու հանրային հասանելիությունը:

Փաստացի Հայաստանի դեմ շարունակաբար իրականացվող ռազմական հարձակումների, իրավիճակի սրացումների համատեքստում տեղական ինքնակառավարման մարմիններին խիստ անհրաժեշտ է մասնագիտական ստորաբաժանում, որը կապահովի ԶԼՄ-ների հետ աշխատանքն ու ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ կանխելով ապատեղեկատվությունն ու դրա տարածումից ստացած վնասը:

Իր գործունեության բնույթով Հասարակայնության հետ կապերի բաժինը որևէ ֆունկցիոնալ-կիրառական աղերս չունի Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ, որոնք իրականացնում են կադրային քաղաքականության և փաստաթղթաշրջանառության գործառույթ: Այսպիսով, մեկ ոլորտի մասնագետը չի կարող վարչության պետի պաշտոնում գործառնական առումով իրականացնել միմյանցից խիստ տարբերվող այս երեք բաժինների գործառույթները:

Բացի այդ, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը համատեղությամբ նաև մարզպետի մամուլի խոսնակն է, ով նաև ապահովում է ԶԼՄ-ների հետ աշխատանքը։

Այս պարագայում արդեն պարզ չէ, թե ով է լինելու ԶԼՄ-ների հետ կապի ապահովման և տեղեկատվության տրամադրման ուղղակի պատասխանատուն:

Հանրային կապերի մասնագետների գործառույթը հասարակության տարբեր շերտերի հետ հաղորդակցություն իրականացնելն է՝ տեղեկատվության մշակման, ուղերձների ձևակերպման, հանրային կարծիքի ուսումնասիրման, ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ձևավորման գործիքների կիրառմամբ և հետադարձ կապի ապահովմամբ:

Ամբողջ աշխարհում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց առավել պահանջված և խիստ անհրաժեշտ է դառնում հաղորդակցման մասնագետների աշխատանքը: Սակայն, ՀՀ վարչապետն իր որոշմամբ, ըստ էության, թուլացնում է տարածքային կառավարման մարմինների՝ հասարակության հետ հաղորդակցման, իրազեկման հնարավորությունները:

Հայկական Փի Ար ասոցիացիան առաջարկում է նման որոշումների կայացումը քննարկել մասնագիտական համայնքի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ, որպեսզի պետական մակարդակով մասնագիտական ոլորտին առնչվող որոշումները ծառայեն բացառապես ոլորտի զարգացմանը, այլ ոչ՝ հետընթացին:

Հայկական Փի Ար ասոցիացիան պատրաստ է հանձնառել մասնագիտական քննարկումների գործընթացի կազմակերպումը:

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

Հայկական Փի Ար ասոցիացիան միավորում է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և կազմակերպություններին, նպաստում է նրանց կրթմանն ու վերապատրաստմանը։ Իրականացնում է ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, նպաստում հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031