Ադրբեջանը տվյալներ է տրամադրել, որ հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել․ Լավրով
«Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել, որ Լաչինի միջանցքով հայկական կողմն ականներ է տեղափոխվել»,- այս մասին քիչ առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
Նա հիշեցրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
«Լաչինի միջանցքն այն պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք ղեկավարների կողմից, պետք է ազատ լինի բեռնափոխադրումների, քաղաքացիների տեղաշարժի և տրանսպորտային միջոցների հնամար։
Իհարկե, այնտեղ առանձին համաձայնեցված է, որ որևէ ռազմական բեռ այդ երթուղով չպետք է անցնի։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել (ներկայումս մեր զինվորականները դրանք ուսումնասիրում են), որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այդ միջանցքով, հետո այդ ականներն օգտագործվել են, որպեսզի, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ականապատվեն ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները և այլն։ Այնտեղ շատ են փոխադարձ մեղադրանքները»,- նշեց Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասաց, որ ռուսական կողմը մի շատ պարզ առաջարկով է հանդես եկել։
«Խաղաղապահ կոնտինգենտը, որը ՌԴ-ն ուղարկել է այնտեղ եռակողմ համաձայնագրի համաձայն, տիրապետում է լիազորությունների՝ վերահսկել այդ շարժը, և կոնտինգենտն ունի բոլոր հնարավորությունները՝ ստուգելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոց, որպեսզի չլինեն ոչ քաղաքացիական ու ոչ հումանիտար ապրանքներ։
Հենց երեկ կամ երեկ չէ առաջին օրը հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության մասնակցությամբ։ Կարծում եմ՝ խնդիրը առաջիկայում լուծվելու է»,-ասաց Լավրովը։