Թուրքիայում կա 13 դոլարային միլիարդատեր

Շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս «Oxfam International» հիմնադրամը զեկույց է պատրաստել հիշյալ գագաթնաժողովին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվում է, որ աղքատության դեմ պայքարը ձախողած Համաշխարհային բանկը ներկայիս իրավիճակը բնորոշում է որպես «ամենախորը անդունդ» երկրորդ աշխարհամարտից ի վեր։

«Երկրները գտնվում են սննկացման եզրին, իսկ ամենաաղքատ երկրները քառապատիկ ավելի պարտք են այն գումարի չափից, որը հատկացնում են առողջապահության համար։ Եվ այդ պարտքը վճարում են հարուստ վարկատուներին»։

Հիմնադրամի զեկույցում անդրադարձ կա նաև Թուրքիային։ Շեշտվում է այն իրողությունը, որ մինչ Թուրքիայում շարունակվում է գնաճը (ինֆլյացիա), բանկերի և խոշոր հոլդինգների շահույթը հասնում է 400%-ի։

Բացի Oxfam-ի զեկույցից «Կանանց աշխատանքի գնահատման հիմնադրամը» (KEDV) ևս դիտարկման է առել Թուրքիան։ Պարզվում է, որ Թուրքիայում կա 13 դոլարային միլիարդատեր։ Նրանց բոլորի կարողությունը (38.9 մլրդ դոլար) ավելին է, քան Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչության կեսի ընդհանուր կարողությունը (38.5 մլրդ դոլար)։ Այսինքն՝ 13 մարդու ընդհանուր կարողությունը Թուրքիայում ավելի շատ է, քան տասնյակ միլիոնավոր մարդկանց կարողությունը։

Տեսանյութեր

Լրահոս