Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120.000 հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է. Վահե Հովհաննիսյան

Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120  հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետությունն ենք կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։

Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգությունը կայանա, էլի նրանցից մեկը դաշնամուր է նվագելու, մյուսը՝ ցավակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամեն ինչ պետք է արվի, որ երբ գա ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղետի մեջ պարզվի։ Մի օր պետք է պարզել պատերազմի օրերին և դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամների պահվածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռեյսով էլ գնացած լինեն։

Մեկը չկա՞ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում եք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումով և ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արևմուտքից ոչ մեկը ձեզ չի տալիս որևէ անվտանգային երաշխիք (արևմուտքն այդ մասով ազնիվ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատույցներում 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անում ու հետն  էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նույնն է, թե՝ Հայաստանի դեմ, նշանակում է, որ քեզ մեծ աղետ է սպասում։

Ու մի օր երբ թուրք-ադրբեջական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ։ Ու վստահ եմ՝ նույնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։

Կա´մ պահելու ենք պետություն, կա´մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնսպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս