Բաժիններ՝

Գերմանիան սկսել է Patriot համակարգերի տեղակայումը Լեհաստանում. ԶԼՄ-ներ

Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) ձեռնամուխ են եղել Լեհաստանում ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը: Այս մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ DPA գործակալության աղբյուրների՝ Բունդեսվերի առաջին զինծառայողները Լեհաստան կմեկնեն արդեն այսօր, առաջիկա օրերին այնտեղ կփոխադրեն նաև Patriot համակարգերը։ Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պրշևոդուվ բնակավայրում, հրթիռ էր ընկել, ինչի հետևանքով զոհվել էր երկու մարդ։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունների գնահատմամբ՝ հրթիռը պատկանել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին։ Վարշավան տեղի ունեցածը համարում է դժբախտ պատահար։

ԱՄՆ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը լիովին համոզված է Լեհաստանի իշխանությունների եզրակացությունների ճշգրտության հարցում: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն արձակվել է Ուկրաինայի С-300 ՀՕՊ համակարգից:

Այս միջադեպից հետո այն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը Լեհաստանին առաջարկել էր աջակցություն անվտանգության ապահովման հարցում, այդ թվում՝ Patriot մարտկոցների միջոցով, ինչին Վարշավան դրական պատասխան էր տվել։ Խոսքը հակահրթիռային պաշտպանության երեք համակարգերի մասին է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս