Ռուբեն Վարդանյանի թիրախավորումը ներքին քաղաքական խնդիրներ լուծելու վկայությունն է. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար իրավական պատասխանատվություն են կրում այն ստորագրած երեք պետությունները, ոչ թե միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ ինչ վերաբերում է արդեն 33 օր փակված Լաչինի միջանցքի խնդրին, ապա այստեղ Հայաստանի իշխանությունը կարող է կա՛մ դիվանագիտական ճանապարհով գնալ խնդրի լուծմանը, կա՛մ ուժի գործադրմամբ, ինչի հնարավորությունն իրականում մենք չունենք։

168 TV-ի եթերում, անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու շրջափակումից դուրս գալու ելքերին, ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը 44 օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության հետևանքն է։

«Իրավիճակը փակուղային է. այդպիսին է նաև այն պատճառով, որ ադրբեջանական այդ շրջափակման գործողությունն իրականում պատերազմական գործողություն է. Այդ երկիրը 120 հազար մարդու պահում է շրջափակման և հումանիտար ճգնաժամի ներքո, թեև նման իրավիճակը չէր կարող ձևավորվել առանց միջազգային որոշակի լոյալության»,- ասաց Բադալյանը՝ կարևորելով՝ հենց այդ միջազգային լոյալության պայմաններում է, որ Հայաստանը հայտնվել է միայնակ, ինչպիսի վիճակում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Իսկ պետությունները միայնակ իրավիճակում են հայտնվում սխալների հետևանքով. մենք այս իրավիճակում հայտնվել ենք մեր տարիների սխալների հետևանքով. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,– ասաց Բադալյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ հիմա Հայաստանը ոչ միայն չի կարող լինել Արցախի, այլև նույնիսկ իր անվտանգության երաշխավորը։

«Այն մարտահրավերները, որոնք շրջափակում էին Արցախը, դրանք գործնականում ստեղծել են մի իրավիճակ, որ Հայաստանն իր կարողություններով ի վիճակի չէ լինել Արցախի և նույնիսկ իր անվտանգության երաշխավորը»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով՝ խնդիրն իր խորությամբ գիտակցելով՝ պետք է փորձել գտնել լուծումներ։

«Օրինակ՝ Հայաստանում կարող է ձևավորվել նոր որակի հասարակական և քաղաքական ուժ, որպեսզի մենք ստանանք հնարավորություն իշխանության փոփոխություն անելու»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով՝ իշխանության փոփոխությունը կարող է փոխել իրերի դասավորվածությունը։

Ըստ Բադալյանի՝ լուծումներից մեկը կարող է լինել Արցախի սուբյեկտայնության բարձրացումը, ինչը, սակայն, բարդ խնդիր է, որովհետև չկա համապատասխան միջազգային միջավայր, որն Ադրբեջանին կստիպեր գնալ Արցախի հետ երկխոսության, ինչը ցանկանում է անել Հայաստանի իշխանությունը։

Դիտարկմանը՝ երբ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, որ միակ տարբերակը պայքարն է, և ի պատասխան դրա՝ Հայաստանի իշխանությունների կողմից արժանանում է անձնավորված քննադատության, արդյո՞ք դա ապացույցը չէ, որ Հայաստանի իշխանության դիրքորոշումը ոչ թե Արցախի սուբյեկտայնության բարձրացումն է, այլ՝ Արցախի հանձնումը, Հակոբ Բադալյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը ստանձնելով Արցախում դերակատարում, շատ լավ պատկերացնում էր, որ էնպես չէ, որ Հայաստանում իր գործունեությունը ծափահարություններով է ընդունվելու։ Ռուբեն Վարդանյանի թիրախավորումը վկայում է այն մասին, որ փորձ է արվում լուծել ներքին քաղաքական խնդիրներ»,- ասաց Բադալյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս