ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռներ կուղարկի Ռումինիա՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերին հետևելու համար
ՆԱՏՕ-ն Բուխարեստի մերձակայքում գտնվող «Օտոպենի» ավիաբազայում կտեղակայի ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման AWACS ինքնաթիռների մի խումբ, որոնք կհետևեն ռուսական ռազմական ավիացիայի գործողություններին:
Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության՝ ինքնաթիռները պետք է ժամանեն 2023 թ. հունվարի 17-ին. դրանք պահպանելու են Հյուսիսատլանտյան դաշինքի ուժեղացված ներկայությունը Հարավարևելյան Եվրոպայում և հետևելու են Ռուսաստանի ռազմական գործողություններին: Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթվա համար։
«Մեր AWACS-ները կարող են հայտնաբերել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ինքնաթիռներ, ինչի շնորհիվ դրանք դառնում են ՆԱՏՕ-ի առանցքային զսպող և պաշտպանական միջոց», – հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: Ինքնաթիռները Ռումինիա կտեղափոխվեն Գեյլենկիրխենի (Գերմանիա) ավիաբազայից, որտեղ տեղակայված են 14 AWACS ինքնաթիռներ. դրանք գտնվում են ՆԱՏՕ-ի հրամանատարության ենթակայության ներքո։ Թե քանի AWACS կժամանի Ռումինիա, չի հաղորդվում։
Ինչպես նշել Է հրամանատարությունը, 2022 թ. փետրվարից ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռները կանոնավոր պարեկություն են իրականացնում Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովի երկնքում՝ դաշինքի սահմանների մերձակայքում ռուսական մարտական ինքնաթիռների գործողություններին հետևելու համար։