ԱՄՆ-ում 9-ամյա աղջիկը 3,5 միլիոն տարի առաջ անհետացած հսկա շնաձկան ատամ է գտել
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի լողափերից մեկում 9-ամյա Մոլլի Սեմփսոնը հայտնաբերել է մեգալոդոն շնաձկան ատամ։ Այդ մասին տեղեկանում ենք BBC-ից։
Մեգալոդոն շնաձուկը, որի անունը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «մեծ ատամ», անհետացել է մոտավորապես 3,5 միլիոն տարի առաջ։ Այս կենդանու երկարությունը հասնում էր 20 մետրի։
Otodus megalodon-ը ոչ միայն աշխարհի ամենամեծ շնաձուկն էր, այլև երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր ձկներից մեկը: Մոլլին ատամը գտել է՝ մինչև ծնկները մտնելով ջուրը: Աղջկա մոր խոսքով՝ Մոլլիի հայտնաբերած ատամը շուրջ 13 սանտիմետր երկարություն ունի։ Ընտանիքն ատամը տարել Է Քալվերտի շրջանի Ծովային թանգարան, որտեղ հնԷաբանները հաստատել են, որ ատամը պատկանում է տվյալ շնաձկանը: Թանգարանի ղեկավարն այն անվանել է «գտածո, որը կյանքում հանդիպում Է մեկ անգամ»:
Ներկայում միակ բանը, որը թույլ է տալիս գիտնականներին վարկածներ առաջ քաշել այն մասին, թե ինչպիսի տեսք են ունեցել Երկրի վրա երբևէ բնակվող ամենամեծ շնաձկները, նրանց հսկայական ատամներն են:
Մեգալոդոնն Otodontidae անհետացած շնաձկան տեսակ է։ Դրանք համաշխարհային օվկիանոսում բնակվել են միոցենի կեսերից մինչև պլիոցեն՝ մոտավորապես 23-3,6 միլիոն տարի առաջ։
Չնայած իր համաշխարհային համբավին, մեգալոդոնի ստույգ չափն ու ձևը երկար ժամանակ եղել է գիտական բանավեճերի առարկա, քանի որ հնԷաբանները չունեն անհրաժեշտ բրածոներ: Միակ բանը, որ այսօր գիտնականներն ունեն մեգալոդոնից, քարացած ողերն ու ատամներն են: