Ի՞նչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ շրջափակված Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության համար. Հայաստանյան գրասենյակը՝ լռում է, ռեգիոնալից՝ դեռ արձագանք չկա

Օրերս 168.amը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդից հետաքրքրվել էր, թե ինչ գործնական քայլեր են արվում շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող  Արցախի Հանրապետության երեխաներին աջակցելու համար:

Գրավոր հարցմամբ մասնավորապես հիշեցրել էինք, որ շրջափակումը բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների վրա, որոնցից շատերը նաև շրջափակման հետևանքով մնացել են առանց ծնողական խնամքի, քանի որ նրանց ծնողը կամ ծնողները Հայաստանում են ու հնարավորություն չունեն գնալ Արցախ, կամ երեխաներն են Հայաստանում և հնարավորություն չունեն միանալ իրենց ծնողներին: Վտանգված է նաև նորածինների կյանքի իրավունքը, քանի որ անհրաժեշտ բուժօգնության ու սննդի համար չկան լիարժեք պայմաններ:

Ապա տիկին Վայգանդից հետաքրքրվել էինք. «ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ նշել էիք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին:

Խնդրում ենք տեղեկացնել՝

1. Ի վերջո, ի՞նչ քայլեր են արվել այս ուղղությամբ, կոնկրետ ո՞ր դերակատարներին եք դիմել, ի՞նչ պատասխաններ եք ստացել և ի՞նչ արդյունքներ կան:

2. Ե՞րբ է նախատեսվում մուտք գործել Արցախ՝ աջակցելու այդ տարածքներում բնակվող երեխաներին:

3. Որո՞նք են լինելու ձեր քայլերը՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում»:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, մեր հարցադրումներին ի պատասխան՝ հումանիզմի ռահվիրա ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին արձագանքելու իրավունք չունեն՝ հորդորելով դիմել տարածաշրջանային գրասենյակին:

Սա, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ արձագանք էր, սակայն 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Իրինա Մազուրին:

Հուսանք՝ այնտեղ իրավունք ունեն անդրադառնալու հակամարդկային այս ճգնաժամին ու այս ճգնաժամի հետևանքով Արցախում ապրող երեխաների ամեն օր խախտվող իրավունքներին:

Տեսանյութեր

Լրահոս