Որոշում է կայացվել Արցախի էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական կայանների միջոցով՝ սահմանափակումներով. տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:
Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկումը՝ ստորև.
Օրվա կարևոր լուրերը
Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝
Փակվել է 41 մանկապարտեզ․
Փակվել է 56 նախադպրոցական խումբ․
Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․
Ինչ է դա նշանակում:
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար:
Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։ Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։
Ինչ է դա նշանակում:
ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին:
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի, որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Ինչ է դա նշանակում:
Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում հոսանքազրկումն էլ ավելի է խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Արցախն այժմ կանգնած է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
Տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը:
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 9-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
Առաջիկա օրերի ընթացքում անցում կկատարվի կտրոնային համակարգին, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները:
Կարևորվել է ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:
Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված իրավիճակը կարգավորելու առումով:
Օրվա վիճակագրական թարմացումներ
10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 110 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 30 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև:
Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: