Կարծում եմ՝ ՀԱՊԿ զորավարժության որոշումը կայացվել էր` որպես աջակցության գործողություն Հայաստանին. Ռազմական վերլուծաբան

Լաչինի միջանցքի ճգնաժամի ֆոնին Հայաստանը հրաժարվում է հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի Հանրապետությունում՝ դրանք համարելով աննպատակահարմար: Այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է այդ որոշման մասին:

Նա նշեց, որ Երևանում կայացած գագաթնաժողովի ընթացքում ՀՀ-ի առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ.

«Ադրբեջանն ասում է, որ՝ մենք մտավախություններ ունենք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում: Բոլորս գիտենք, որ, բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից՝ նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում: Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար, և մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ից եղավ արձագանք, որ կա առաջարկ զորավարժություններ անցկացնել այլ երկրում, և կընտրվի մեկ այլ երկիր: Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է.

«Սա բավականին նոր հայտարարություն է Հայաստանի վարչապետի կողմից, կարծում եմ, ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»:

Նա նաև հավելել է, որ ամեն դեպքում, Հայաստանը ՌԴ-ի շատ մերձավոր դաշնակիցն է, իրենք կշարունակեն երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք այժմ խիստ բարդ են:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների կայացրած որոշումը անհասկանալի համարեց այն խոսակցությունների համատեքստում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից նախաձեռնողականություն, աջակցություն է ակնկալում:

Ըստ նրա, զորավարժությունները ՀՀ տարածքում կլինեին ՀԱՊԿ-ի որոշակի աջակցություն Հայաստանին:

«Սա ակնհայտ բան է, սակայն Հայաստանին հարկավոր են միայն քայլեր, որոնք ինքն է պատկերացնում և ցանկանում: Իսկ ըստ իս, ՀՀ-ում զորավարժություն անցկացնելու որոշումը ՀՀ-ին աջակցության քննարկված միջոցառումների շարքում էին, և ՀՀ որոշումն է՝ հրաժարվել:

Իհարկե, պատճառաբանությունը, որ այն սպառնալիք կստեղծեր Հայաստանի համար՝ տեղին չէ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա այդ պատասխանատվությունը խարխլված է առաջին հերթին Ռուսաստանի դեպքում, այնպես չէ, որ պատասխանատվություն ունի միայն ՀԱՊԿ-ը և միայն Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի խնդիրները անմիջականորեն և առավելապես առնչվում են նաև Ռուսաստանին: Ուստի ներկայացնել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դեպքում առանձնահատուկ է գործում, սխալ է, այլ գործ ունենք բարդ կազմակերպության հետ, որը խնդրահարույց է դիտարկվում նաև Ռուսաստանում: Բայց ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Ռուսաստանից, ունեցել են բազմաթիվ արտոնություններ, լինելով այս կառույցի անդամ:

Այնուամենայնիվ, կարծում եմ, զորավարժություններից հրաժարվելը Ռուսաստանի կողմից մեծ խնդիր չի դիտարկվի, ինչպես և շատ այլ խնդիրներ, որոնք ծագում են ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում: Ուստի, եթե ամփոփեմ, կարծում եմ՝ զորավարժության որոշումը կայացվել էր՝ որպես աջակցության գործողություն Հայաստանին այն գործիքների շրջանակում, որոնք ՀԱՊԿ-ում տարաձայնություններ չեն առաջացնում»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս