Մենք երբեք որևէ երթուղի չենք մերժել. Փաշինյան
Չկա այնպիսի երթուղի, որ մենք ասենք՝ չէ, այդ երթուղին մեզ համար անընդունելի է։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։
«Երթուղու հետ կապված պրոբլեմը մտացածին է: Մենք երթուղու հետ կապված ոչ մի խնդիր չունենք, որովհետև երթուղին պետք է լինի կիրառելի։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ պատրաստ ենք տրամադրել այդ ճանապարհը, ՀՀ օրենսդրությամբ էլ սահմանված է, թե այդ ճանապարհներն ինչպես են գործում մեր երկրի տարածքով անցնելիս։ Այդ սկզբունքով մենք պատրաստ ենք ճանապարհները բացել, ընդ որում՝ հենց հիմա: Այս ասածիս մեջ ոչ մի չափազանցություն չկա, որովհետև կարելի է շատ կարճ ճանապարհներ նորոգելով՝ ընդամենը մի քանի կիլոմետր, ճանապարհների գործունեությունը ապահովել: Մենք կարող ենք նաև նոր ճանապարհներ կառուցել»,- նշել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այս հարցով Ադրբեջանի առաջարկներին, նա հայտնել է, որ ամենատարբեր երթուղիներն են քննարկվել:
«Մենք երբեք որևէ երթուղի չենք մերժել։ Հարցն այն է, թե որքանով այդտեղով կարող է ճանապարհ անցնել, որովհետև տեղ կա, որտեղ օբյեկտիվորեն ճանապարհ հնարավոր չի կառուցել, կամ էլ շատ թանկ է: Մյուս կողմից, մեր խնդիրն իրավական կարգավորումների մեջ է, մենք ասել ենք, որ պետք է անենք հետևյալը, պետք է մեր իրավական կարգավորումներով աշխատի ճանապարհը»,- եզրափակել է Փաշինյանը: