Արցախի տոտալ շրջափակման ֆոնին վաղը «Սասնա ծռերը» կփակեն ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքերը. Ի՞նչ տրամադրություններ են Գյումրիում

Մինչ Արցախն արդեն 27 օր գտնվում է տոտալ շրջափակման մեջ, և մարդիկ չգիտեն՝ վաղն ինչ է լինելու, ու երկիրը գտնվում է հումանիտար աղետի մեջ, հայաստանյան տարբեր շրջանակներ տարատեսակ ակցիաներ են նախապատրաստում՝ ինչ-ինչ նեղ խմբային շահերից ելնելով, սակայն Արցախի շրջափակման քողի ներքո:

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հունվարի 8-ին նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական, այսպես կոչված, խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը»,- իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես գրել էր Սասնա ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը՝ մարդկանց կոչ անելով մասնակցել «Արցախի ապաշրջափակման համար նախաձեռնվող այս գործողությանը»:

Երևանից մեկնողների համար լուծում են տրանսպորտի խնդիրը:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ Ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահությունը իրականացնելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, ինչը նշանակում է, որ ակցիան նախատեսել են անցկացնել երկարաժամկետ կտրվածքի համար:

Կարդացեք նաև

168.am-ը գյումրեցի հասարակական-քաղաքական գործիչներից փորձեց հասկանալ՝ ինչ տրամադրություններ են Գյումրիում սպասվող ակցիային ընդառաջ:

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Սասնա ծռերը Գյումրիում այնքան էլ շատ աջակիցներ չունեն, բայց հնարավոր է՝ Երևանից մի 100-150 հոգի բերեն իրենց հետ:

«Իրենք հայտարարել են, որ պետք է ռազմաբազայի մուտքերն արգելափակեն: Մեր տեղեկությամբ՝ նաև հետները վրաններ են ունենալու: Ամենայն հավանականությամբ, կփորձեն սադրանքի դիմել: Ռուսներն էլ են բավականին լավ զգուշացված»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ պետք է անեն՝ դա թույլ չտալու համար:

«Մեր ունեցած ինֆորմացիայով՝ բավականին լավ պատրաստվել են, բայց մեր խնդիրն է՝ սոցիալական ցանցերի, կայքերի օգնությամբ թուլացնել ալիքը: Պետք է կարողանանք ներկայացնել, որ նախաձեռնությունն աջակցություն չունի Գյումրիում, որ ամեն դեպքում արժանանալու են մեր հակազդեցությանը, որպեսզի ոստիկանությունն էլ զգույշ լինի ու թույլ չտա, որ բախումներ լինեն»,- ասաց Կարապետ Պողոսյանը:

Գյումրեցի հասարակական գործիչը շեշտում է՝ գյումրեցիները լավ են հասկանում, որ  ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ չի կարելի խաղալ, նրան չի կարելի ներգրավել ներքին քաղաքական հարցերի մեջ:

«Ճիշտ է, իրականում այնքան էլ շատ ոգևորված չենք ռուսական վերջին գործողություններով, բայց միևնույն ժամանակ նաև օբյեկտիվորեն հասկանում ենք, որ թե ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, թե Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների գործողությունների արդյունքում անընդհատ ռուսների դեմ տարատեսակ հարվածներ են իրականացվում, բայց միևնույն է, ռուսական զորախմբին չի կարելի կպչել՝ ելնելով նաև Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ներքին և արտաքին անվտանգային իրավիճակից»,- նշեց Կարապետ Պողոսյանը:

Գյումրու ավագանու անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց՝ այս փուլում ռուսական ռազմաբազայի շրջափակումը նշանակում է ջուր լցնել ադրբեջանաթուրքական ջրաղացին:

«Համոզված եմ, որ գյումրեցիները չեն կանգնելու ակցիայի կողքին: Ցանկացած մարդ այս փուլում հասկանում է, որ յուրաքանչյուր անզգույշ քայլ այս փուլում կարող է առավել բարդացնել իրավիճակը: Խոսքը գնում է շուրջ 120 000 մեր հայրենակիցների մասին, ովքեր գտնվում են շրջափակման մեջ, և մենք պարտավոր ենք առավել հավասարակշռված գործել»,- ասաց Գյումրու ավագանու անդամը՝ հավելելով, որ Բևեռի քաղաքական ղեկավարության կազմակերպած ակցիային մեծ մասնակցություն չի ակնկալում:

Ըստ նրա՝ իր շփումները գյումրեցիների հետ ցույց են տալիս, որ այնուամենայնիվ, նրանք հակված չեն մասնակցելու այդ ակցիային:

Գյումրեցի քանդակագործ, հանրային զարգացման փորձագետ Արթուր Գևորգյանն էլ ասաց՝ համակիրների ինչ-որ քանակ միգուցե գյումրեցիներից լինեն ակցիային:

«Իմ կարծիքով՝ ակցիան չի կարող երկարատև լինել: Ընդամենը Արցախի շրջափակումից հետո առաջացած նյարդային իրավիճակի վրա քաղաքացիների նյարդերը պրկելու գործողություն է: Սա անելու իմաստը ես չեմ տեսնում մի պարզ պատճառով: Ճանապարհն այնտեղ է փակ: Եթե բան կա բացելու, գնացեք այնտեղ: Գյումրիում այս ակցիան անելը քաղաքական նպատակ է հետապնդում և հերթական անգամ իրենց ուժը հանրության մեջ ցուցադրելու, համակրանք շահելու քայլ է»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Ըստ նրա՝ սա շատ վտանգավոր քայլ է այն իմաստով, որ խոսքը գնում է ռազմական բազայի շրջափակման մասին:

«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են նախատեսել, ինչ են հաշվարկել, բայց սա իսկապես վտանգավոր է, որովհետև ռազմաբազայի և հայ քաղաքացիների միջև կանգնելու են հայ ոստիկանները: Ցանկացած անհասկանալի կամ անկառավարելի իրադրության մեջ հարվածի տակ լինելու են հայ ոստիկանները»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Վերջինս նկատեց՝ նմանատիպ քաղաքական պահանջների ձեռնարկների գնալիս կազմակերպիչները պետք է ունենան սցենարի ողջ համապատկերն ու կանխատեսեն հնարավոր զարգացումները:

«Չեմ կարծում, թե գյումրեցիները կգնան այնտեղ: Այդտեղ բազմություն, մարդկային ալիք չի լինի, բայց ցանկացած դեպքում այնտեղ, որտեղ կա օտարերկրյա ներկայություն, օտարերկրյա ներկայության և մեր քաղաքացիների միջև կանգնած են հայ ոստիկանները, և որևիցե սրացման դեպքում հարվածի տակ հենց նրանք են լինելու: Այսինքն՝ հայը մի ձեռնարկ է անում, որի արդյունքում տուժող լինելու է նորից հայը: Այդ քաղաքական ուժը, որը սա նախաձեռնում է, պետք է նաև դա հաշվի առնի: Եվ գնալ, հարաբերություն պարզել այլ ազգի ներկայացուցչության դիմաց, ուղղակի նոնսենս է»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս