
Հայաստանն ու Թուրքիան վերացրել են օդային ճանապարհով բեռափոխադրումների խոչընդոտները

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ բեռնային ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտները։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունն արդեն տեղեկացրել է տնտեսվարողներին։
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` 2023թ. հունվարի 1-ից վերացվել են երկու երկրների միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների հարցում խոչընդոտները»,-հայտնում է լրատվամիջոցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։
«Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է նա։