«Ադրբեջանը վաղը հարձակվելու է. Ալիևը Փաշինյանի տգիտության պատճառով հարձակման հիմքը լեգիտիմացրել է». Ռուբիկ Հակոբյան
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։
«Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել էր Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը, խոսելով Արցախի շրջափակման ու դրան ի պատասխան՝ Հայաստանի Կառավարության գործողությունների մասին, նշեց՝ Արցախը բացարձակ անտերության է մատնված.
«Այսօր լսում էի Կառավարության նիստի ընթացքում նրա խոսքը. ձեռքերը լվացել է Արցախից. գիտե՛ք, ինձ թվում է՝ ինքը հպարտանում է արդեն իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ՝ չգիտակցելով, որ իր ստորագրած կապիտուլյացիան շարունակական է. նոյեմբերի 9-ով չի ավարտվել։ Լավ, ենթադրենք, Ռուսաստանը ոչինչ չի անում. Լավ, դու միայն դժգոհում ես, իսկ դու ի՞նչ ես արել, եթե համոզմունք ունես, որ քեզ Ռուսաստանը չի օգնում։ Նիկոլ Փաշինյանը տգետ է և իր տգիտությամբ ազդեցության գործակալ է դարձել բոլոր այն պետությունների համար, որոնք այս աշխարհագրական և քաղաքակրթական խաչմերուկում շահ ունեն։ Կրկնում եմ՝ Փաշինյանն ազդեցության գործակալ է իր տգիտությամբ, իշխանատենչությամբ և սրբապղծությամբ»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով՝ Ալիևը հիմնվելով այդ տգիտության վրա՝ լեգիտիմացնում է իր ռազմական և դիվանագիտական գործողությունները։
«Այսօր Ադրբեջանը կարողացել է լեգիտիմացնել այն հիմքը, որի վրա հիմնվելով՝ վաղը հարձակում է գործելու. խոսքը Պրահայի՝ մեզ համար վտանգավոր հայտարարության մասին է… Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ պետական դավաճաններ են հայտնվում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում