Վատագույն ժամանակները յոթը սարի հետևում չեն. եթե հայ ժողովուրդը հերթական անգամ խելքի չգա՝ իր քաղաքական էլիտայով. Հայկ Նահապետյան. «Փաստինֆո»

2023 թվականի կառավարության առաջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանի Դաշնությանը դաշնակցային պարտավորությունները չկատարելու, կամ դրանք թերի կատարելու մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով` Բերձորի միջանցքը փակ պահելու մեղադրանքն ուղղելով ադրբեջանական կողմին, Փաշինյանը անուղղակի թիրախավորում է Ռուսաստանին։ Փորձագետը կարծում է, որ գործադիրի ղեկավարի` անվտանգային հարցերին առնչվող հայտարարությունների տողատակում Ռուսաստանն է և, հատկապես, Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության հեղինակությունը վարկաբեկելը։

«Փաշինյանի մեղադրանքը ոչ այնքան Ադրբեջանին էր ուղղված կամ Հայաստանի ներքին սպառման համար էր, որքան Ռուսաստանի։ Փաշինյանը լծվել է մի գործընթացի, ըստ որի Արցախից և Հայաստանից պետք է դուրս բերվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ինքը ասում է, որ Ռուսաստանը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը` լինի Բերձորի միջանցքի, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի ժամանակ»,- ասաց Նահապետյանը։

Փորձագետի դիտարկմամբ` ՀՀ վարչապետը, Թուրքիան ու Ադրբեջանն առաջնորդվում են նույն քաղաքականությամբ, քանի որ կառավարվում են մեկ կենտրոնից և մեկ միասնական նպատակ ունեն` չեզոքացնել Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանից։ Իսկ թե ինչ է սպասվում մեզ` հայերիս դրանից հետո` պարզից էլ պարզ է. ավելի քան մեկ դար անց ո՛չ հավաքական Արևմուտքի, ո՛չ էլ Թուրքիայի մոտեցումները չեն փոխվել։

«Թուրանական կայսերապետական ծրագրերի ստեղծման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է, որն այժմ փորձում են համատեղ ուժերով վերացնել. այդ գործին լծված է նաև Փաշինյան Նիկոլը, որը միամտաբար, թե կանխամտածված հավատում է, որ եթե Ռուսաստանը տարածաշրջանում չլինի, ապա Արևմուտքը այստեղ մի հզոր Հայաստան կարող է ստեղծել։ Նման հիմարությունները միգուցե իր և իր ընկերների համար կարող են ականջահաճո հնչել, բայց ոչ իրական քաղաքականության մեջ։ Եթե հայ ժողովուրդը հերթական անգամ խելքի չգա իր քաղաքական էլիտայով, ապա վատթարագույն ժամանակները յոթը սարի հետևում չեն»,- եզրափակեց Նահապետյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս