Ճանապարհի բացման շուրջ այս պահին բանակցություններ չկան. Ռուբեն Վարդանյան. news.am

Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ համարյա չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել, մենք պատասխանել ենք եւ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունելու բնապահպանության ոլորտում համաշխարհային լավագույն փորձագետներին, դրա մեջ խնդիր չենք տեսնում, բայց արձագանք չկա: Մենք հիմա մի իրավիճակում ենք, որ բանակցություններ չեն վարվում»,-ասաց նա:

Հարցին, թե բացի հանքերում մոնիտորինգից այլ պահանջ ներկայացնո՞ւմ է Ադրբեջանը, Վարդանյանը պատասխանեց. «Իրենք ուզում են հսկել ճանապարհը, ինչը մեզ համար անընդունելի է: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ պարզ գրված է, որ մենք պետք ունենանք ազատ ճանապարհ, որով կարող ենք ազատ երթեւեկել, առանց ինչ-որ մեկից իրավունք հարցնելու»:

Նա նկատեց, որ Արցախում դեկտեմբերի 25-ի հանրահավաքը ցույց տվեց բոլորին, որ Արցախում մարդկանց մեծամասնությունը հասկանում է այն երեք ճանապարհը, որոնք իրենք պետք է ընտրեն. «Այդ երեք ճանապարհներից մեկը ենթադրում է պայքարել եւ դուրս գալ այս իրավիճակից, միակ ճանապարհն էմ, որն ընտրել է Արցախի ժողովուրդը: Դա ոչ թե իմ որոշումն է, այլ Արցախի ժողովրդի որոշումն է»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների արձագանքը իրավիճակին, Արցախի պետնախարարը պատասխանեց. «Ինձ ավելի հեշտ կլիներ քննադատել եւ ռուս խաղաղապահներին, Հայաստանի կառավարությանը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կառավարություններին, ՄԱԿ-ին, բայց դրանից ի՞նչ օգուտ: Իրականությունն այն է, որ Արցախում ունենք 2 հազարից պակաս ռուս խաղաղապահներ, որոնք ունեն շատ սահմանափակված իրավունքներ: Այս իրվիճակում նրանք անում են այնքան, որքան կարողանում են: Մենք կարող է ավելին ենք սպասում, կամ մեր պահանջները ավելի շատ լինեն, եւ մենք իրավունք ունենք մեր պահանջն երը ներկայացնել ռուսական կողմին, բայց մյուս կողմից մենք կարող ենք հասկանալ իրականությունը: Այն մարդիկ, որոնք քննադատում են ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում, չեն հասկանում, որ դրանով գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար օգնում են Ադրբեջանին, որովհետեւ նրանք նույն բանն են ասում, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան այստեղից: Իրենք ոչ մի լուծում չառաջարկելով ուղղակի օգնում են ներսում քանդել շատ կարեւոր միասնությունը, որը կա Արցախում»:

Տեսանյութեր

Լրահոս