ՀՀ Կառավարությունը թուրքի առջև բացում է Երևանի արևելյան դարպասը․ Lragir.am
Ի պատասխան Lragir.am-ի հարցի՝ «Խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները նախատեսո՞ւմ են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ՀՀ սահմանի տարազատում եւ պարունակո՞ւմ են արդյոք 1921 թ․ Կարսի պայմանագրի հղում իբրեւ միակ օրինական կռվանի», ՀՀ ԱԳՆ-ն Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պ/կ Իննա Թորգոմյանի ստորագրությամբ հետեւյալ գրությունն է ուղարկել․
«Ի պատասխան Ձեր հարցման (ԱԳՆ մուտքագրվել է 28․11․2022 թ․)՝ տեղեկացնում ենք, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները նախատեսում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ սահմանազատման գործընթացի իրականացում»։
ԱԳՆ պատասխանից երեւում է, որ փորձել են անտեսել հարցի էությունը։ Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ սահմանը Ադրբեջանի հետ սահման չէ եւ որոշվել է 1921 թ․ Կարսի պայմանագրով։
Ներկայիս իրողությունն այն է, որ Բաքուն Նախիջեւանը համարում է իր լիակատար իրավասության գոտի, մասնավորապես իրեն իրավունք վերապահում գերազանցել ՆԻՀ պրոտեկտորատի կարգավիճակից բխող իրավասությունը եւ այնտեղ թույլատրել օտար զորախմբերի ներկայություն: Խոսքը Թուրքիայի մասին է: Այս հանգամանքն ուղղակի սպառնալիք է ՀՀ, մասնավորապես, մայրաքաղաք Երեւանի անվտանգությանը արեւելքից, ինչպես նաեւ Սիսիան ու Ջերմուկ ուղղություններով՝ արեւմուտքից:
Զուգահեռաբար, Բաքուն մեկնարկել է Նախիջեւանի ներքին օրենսդրական եւ միջազգային ինքնավար կարգավիճակի իրավական էրոզիայի գործընթաց [Լրագիր], որը հնարավոր չէր լինի առանց հայկական կողմի երաշխիքների առ այն, որ պաշտոնական Երեւանը չի բարձրացնի ՆԻՀ հանդեպ իր օրինական իրավունքների, այդ թվում ՀՀ պատկանելության հարցը՝ ի պատասխան Բաքվի կողմից Նախիջեւանի ժամանակավոր պոտեկտորատի կարգավիճակը սահմանող 1921թ. Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածի խախտման։
Արդեն անդրադարձել ենք նաեւ Կարսի պայմանագրի գործողության ժամկետի խնդրին եւ չգործելու դեպքում Նախիջեւանի՝ ՀՀ պատկանելության հարցին: Անշուշտ, այս շրջադարձն էլ նույն պաշտպանական խնդիրն է:
Այս հանգամանքները քաջ հայտնի պետք է լինեն ՀՀ ԱԳՆ-ին: Այսու, Լրագիր.am-ի հարցին ՀՀ ԱԳՆ պատասխանը հաստատում է լայնորեն հնչող այն գնահատականը, որ ՀՀ Կառավարությունը գործում է Բաքվի հետ համաձայնեցված եւ հետապնդում ՀՀ միջազգայնորեն ճանաչված իրավունքների անտեսման նպատակը: