«Ադրբեջանը երբեք միջնորդներից չի լսել շիտակ հայտարարություն՝ ի աջակցություն տարածքային ամբողջականության․ նարատիվը սա էր՝ «Դուք պետք է համաձայնեք»». Ալիև

«Մեզ ասում էին՝ սա է իրականությունը, պետք է հաշվի առնել այն»,- այս մասին օրերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել էր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Ալիևը նշել է, որ Ադրբեջանը բոլոր միջազգային  հարթակներում մշտապես հանդես է եկել բոլոր երկրների համար տարածքային ամբողջականության սկզբունքի դիրքերից:

«Մենք մնում ենք այս դիրքորոշմանը: Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի ֆունդամենտալ սկզբունք է: Սակայն այս սկզբունքի վերաբերյալ տարբեր երկրների մոտ կա ընտրովի մոտեցում»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ նախկինում իրենք ինչ–որ մակարդակով հիասթափված էին, որովհետև հետսովետական տարածքի հակամարտություններին միջազգային հանրությունը տարբեր կերպ էր վերաբերվում:

Ալիևի խոսքով, ինչ վերաբերում է Վրաստանի ու Մոլդավայի հակամարտություններին՝ նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ,  կար  բացարձակ հստակ ձևակերպում, աջակցություն այս երկրների տարածքային ամբողջականությանը:

«Ադրբեջանի դեպքում մենք երբեք միջնորդներից չենք լսել այսպիսի շիտակ մոտեցում և հայտարարություն: Նարատիվն այն էր, որ «Դուք պետք է համաձայնեք»: Սա հանրային նարատիվն էր: Եվ մեսիջները, որոնք մենք ժամանակ առ ժամանակ ստանում էինք, մասնավոր բանակցությունների ժամանակ, հետևյալն էր, որ՝ «սա է իրականությունը և յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի այդ իրականությունը»: Եվ երբ մենք հարցնում էինք՝ ի՞նչ կասեք ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի մասին, ոչ մի պատասխան, ի՞նչ կասեք տարածքային ամբողջականության մասին, ոչ մի պատասխան, Հելսինկյան եզրափակիչ ակտի մասի՞ն, ոչ մի պատասխան: Մենք ասացինք՝ լավ, սա է իրականությունը, ուստի մենք կփոխենք այս իրականությունը»,-մանրամասնել է Ալիևը, ըստ էության  հերթական անգամ հստակ ձևակերպելով, ներկայացնելով այն միջազգային աջակցությունը, որն ունեցել են Արցախյան հիմնահարցի գրեթե 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, ֆիքսելով նաև, թե երբ է փոխվել Հայաստանի համար բարենպաստ միջազգային իրականությունը:

Տեսանյութեր

Լրահոս