BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ, որը ֆինանսավորել է բրիտանական նավթագազային հսկան՝ «Բրիթիշ փեթրոլիումը» (BP)։ Ջեյմս Դաուսեթի հոդվածը վերնագրված էր. «BBC-ն մեղադրվում է BP-ի հովանավորած ֆիլմում բռնատիրական Ադրբեջանին «արդարացնելու» մեջ»: 1995 թվականից ի վեր BP-ն Ադրբեջանում ներդրել է 84 միլիարդ դոլար և հանդիսանում է օտարերկրյա խոշորագույն ներդրողը Ադրբեջանի նավթային գործարքներում:
Ֆիլմը վերնագրված էր. «Ադրբեջանի հրաշալիքները»՝ կասկած չթողնելով դրա քարոզչական նպատակների մասին։ Այն արտադրվել է իշխող Ալիևների ընտանիքի աջակցությամբ։
Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ BBC-ն սխալվում է նման ավազակապետությանն աջակցելու համար: BP-ն «վաղուց քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների և կլիմայի ակտիվիստների կողմից իշխող Ալիևի վարչակարգի հետ իր կապերի համար, որը մեղադրվում էր «ընտրակեղծիքների» մեջ, այլախոհ ձայները լռեցնելու և Ադրբեջանի նավթի ու գազի հարստությունից անհամաչափ օգուտներ քաղելու մեջ», հաղորդում է openDemocracy-ն:
«BP-ն 300 հազար դոլար է ծախսել ֆիլմի վրա, որը նկարահանվել է բրիտանական SandStone Global ընկերության կողմից՝ հիմնադրամի և մեդիա կենտրոնի աջակցությամբ, որոնք ղեկավարում են Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի անդամները: Հեռարձակող և պատմաբան Բեթանի Հյուզը, որը SandStone-ի համահիմնադիրն է, ներկայացրել է ֆիլմը», գրել է openDemocracy-ն:
«2015 թվականին Ադրբեջանում քաղաքական հետապնդումներից փախած ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովը մեղադրել է BBC-ին՝ ֆիլմում «բռնապետությունն արդարացնելու» մեջ», գրել է openDemocracy-ն: Հուսեյնովն ասել է, որ BBC-ն «բեմ է տալիս աշխարհի ամենաարյունալի և ամենակոռումպացված վարչակարգերից մեկին»:
Օգոստոսին այն հեռարձակելուց առաջ, BBC-ն գովազդել է ֆիլմը՝ խոստանալով հեռուստադիտողներին, որ նրանք կբացահայտեն, թե «ինչպես է Ադրբեջանի նավթային հարստությունը հնարավորություն տվել մայրաքաղաք Բաքվին ծաղկել» և «ձեռք բերել «Արևելքի Փարիզ» համբավը»»։
Ֆիլմում Բեթանի Հյուզը մեկնել է ադրբեջանական կողմից բռնազավթված Շուշի, սակայն ոչ մի խոսք չի ասել քաղաքի հայկական ժառանգության մասին։ «Ֆիլմը նաև անուղղակիորեն քարոզել է Ադրբեջանի հավակնությունները Շուշայի [Շուշիի] նկատմամբ», գրել է openDemocracy-ն։ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել՝ Շուշին իր «մշակութային մայրաքաղաք» դարձնելու համար։
BBC-ի խոսնակը փորձել է արդարացնել իր անընդունելի գործարքը՝ openDemocracy-ին ասելով, որ ադրբեջանական քարոզչական ֆիլմի հեռարձակումից ստացված եկամուտը «թույլ է տալիս մեզ ներդրումներ կատարել BBC-ի համաշխարհային մակարդակի լրագրության մեջ, որն անկախ և անաչառ լուրեր է տրամադրում բոլոր թեմաների շուրջ»: BBC-ի ծիծաղելի արդարացումը նման է մի մարմնավաճառի հայտարարությանը, թե ինքը եկեղեցուն է նվիրաբերում մարմնավաճառությունից ստացած գումարը…
Լրացուցիչ եկամուտ ստեղծելու համար BBC-ն ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղադրել է զբոսաշրջության գովազդ, որը վճարել է Ադրբեջանի զբոսաշրջության պաշտոնական վարչությունը։ «Բաքվի մեդիա կենտրոնը լոգիստիկ աջակցություն է ցուցաբերել SandStone-ին, իսկ Հեյդար Ալիևի հիմնադրամն օգնել է բրիտանական ընկերությանը ստանալ նկարահանման թույլտվություններ և մուտք գործել եզակի ժառանգության վայրեր», ասել է SandStone-ի ներկայացուցիչը openDemocracy-ին։ Բաքվի Մեդիա կենտրոնը ղեկավարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրտսեր դուստրը՝ Արզու Ալիևան, իսկ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հեյդար Ալիևի ընտանեկան հիմնադրամի հետ։
BP-ն խոստովանել է, որ քարոզչական ֆիլմն իր «ներդրումն է Ադրբեջանի համաշխարհային առաջխաղացմանը»՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Հիմնադրամի նախագահը Իլհամ Ալիևի կինն է՝ Մեհրիբան Ալիևան, որը նաև երկրի փոխնախագահն է։
«OpenDemocracy»-ն հայտնել է, որ «Հեյդար Ալիևի հիմնադրամին հանձնարարված է խթանել Ադրբեջանի իմիջը արտերկրում, այդ թվում՝ առաջ մղելով կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Բայց կառավարության քննադատներն ասում են, որ այս աշխատանքը տարածվում է այլախոհության դեմ վարչակարգի անողոք ճնշումներից և նրա համակարգային կոռուպցիայից ուշադրությունը շեղելու նպատակով»:
Տարագրության մեջ ապրող ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևան openDemocracy-ին ասել է. «[Հեյդար Ալիևի] հիմնադրամն ստեղծվել է իշխող ընտանիքի կողմից՝ Ադրբեջանի իմիջն արդարացնելու համար: Այն ոչ մի կերպ չի կարելի որակել որպես պետությունից անկախ»։
«Հեյդար Ալիևի հիմնադրամը գլխավորում է վերականգնողական աշխատանքները Շուշայում [Շուշի]։ Այս աշխատանքներից մի քանիսը ներկայացված են BBC-ի ծրագրում», հաղորդում է openDemocracy-ն: Մինչդեռ BP-ն նախատեսում է արևային էլեկտրակայան կառուցել Ջաբրայիլ [Ջրական] քաղաքում, որն Ադրբեջանը գրավել էր 2020 թվականի պատերազմում։
BP-ի տարածաշրջանային նախագահ Գարի Ջոնսը «սեպտեմբերի վերջին Բաքվում ֆիլմի պրեմիերայի ժամանակ բարձրացավ բեմ՝ գովաբանելու «[Ադրբեջանի] կառավարության աննկուն աջակցությունը» իր ընկերության և նրա գործընկերների գործունեությանը երկրում։ Ջոնսը նաև խոսեց «համատեղ ջանքերի» մասին, որոնք գործադրվել են վավերագրական ֆիլմի ստեղծման համար: Նա աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հեյդար Ալիևի հիմնադրամին և անձնական հարգանքի տուրք մատուցեց նախագահի դստերը՝ Արզու Ալիևային և նրա ղեկավարած Բաքվի Մեդիա կենտրոնին՝ արտադրության մեջ «նրանց ակնառու տեխնիկական աջակցության համար», գրել է openDemocracy-ն։
Ավելին, «Սա առաջին դեպքը չէ, երբ BP-ն համագործակցում է Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ, կամ երբ հիմնադրամը հայտնվում է BBC-ում: Անցյալ տարի BBC StoryWorks-ը… զբոսաշրջությանը նվիրված առանձին արշավ էր կազմակերպել Ադրբեջանի համար՝ նշելու Խորհրդային Միությունից երկրի անկախության 30-ամյակը: Արշավը ներառում էր վճարովի գովազդային հոլովակ, որն ընթերցողներին հրավիրում էր «ավելին բացահայտելու» Ադրբեջանի մասին՝ հետևելով Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից վարվող արտաքին կայքի հղմանը: «Ադրբեջան» պորտալը պնդում է (ի թիվս այլ բաների), որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «միշտ ուշադրություն է դարձրել երկրում մարդու իրավունքների և ազատությունների ավելի լիարժեք ապահովման վրա»։ Այն նաև պարունակում է տեղեկատվություն, այսպես կոչված, «Հայկական խնդրի» վերաբերյալ։ Այնուամենայնիվ, վեբ հղումը ջնջեցին այն բանից հետո, երբ openDemocracy-ն կապ հաստատեց BBC-ի հետ: Հղումը ներառում էր տեսարաններ Բաքվի «Պատերազմի պուրակից», որտեղ հայ զինվորների կերպարները ներկայացված էին աղավաղված դեմքերով:
BP-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ՝ համատեղ իրականացնելու սոցիալական ներդրումային որոշ ծրագրեր։ «Նախկին համատեղ նախագծերը ներառում էին հովանավորվող ֆիլմեր, ինչպես օրինակ 2018 թվականի վավերագրական «Վերջին նստաշրջանը» ֆիլմը՝ նվիրված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ծնունդին, որը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականի խորհրդային ներխուժումից հետո։ BP-ն 320 հազար դոլար է ծախսել նախագծի վրա, որը կազմակերպել է Բաքվի Մեդիա կենտրոնը։ Արզու Ալիևան նշված է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր», հաղորդել է openDemocracy-ն:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի