Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին G խմբում ընդգրկված Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։
Բրազիլիայի հավաքականը խաղի մեկնարկից նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց՝ փորձելով հաստատել ֆավորիտի իր կարգավիճակը։ Բրազիլացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Շվեյցարիան արդյունավետ պաշտպանվում էր և երբեմն հակագրոհների փորձեր ձեռնարկում։ Չնայած այն հանգամանքին, որ Շվեյցարիան շատ լավ էր գործում պաշտպանությունում, այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր գրոհներ անցկացնել։ Շվեյցարացիները, սակայն, կարողացան արդյունավետ դիմակայել մրցակցին և առաջին կեսում անառիկ պահել դարպասը։
Երկրորդ խաղակեսն էլ անցնում էր նույն սցենարով։ Բրազիլիայի հավաքականի գրոները գնալով ավելի վտանգավոր էին դառնում․ եթե առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականի խաղացողները փորձում էին հակագրոհներ ձեռնարկել, երկրորդում Բրազիլիան բացահայտ առավելություն ուներ։ 64-րդ րոպեին բրազիլացիները գոլ խփեցին․ կայծակնային գրոհն արդյունավետ եզրափակեց Վինիսիուս Ժունիորը, սակայն մրցավարը, դիտելով տեսակրկնապատկերը, խաղից դուրս վիճակ արձանագրեց ու չեղարկեց գոլը։
Բրազիլացիները շարունակեցին գրոհների տարափը մրցակցի դարպասին և, ի վերջո, արդյունքի հասան։ 83-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Կառլոս Կազեմիրոն։
Գոլից հետո էլ բրազիլացիները վստահ էին գործում՝ մրցակցին որևէ հնարավորություն չտալով։ Շվեյցարիան այդպես էլ որևէ վտանգավոր պահ մրցակցի դարպասին ստեղծել չկարողացավ։ Բրազիլիա-Շվեյցարիա՝ 1-1։
Այս խաղից հետո G խումբը միանձնյա գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ 6 միավորով։ Շվեյցարիան ունի 3 միավոր, իսկ Կամերունի և Սերբիայի հավաքականներն ունեն մեկական միավոր։