«Եթե միտումնավոր են դատն այս օրը նշանակել, ապա դա սրբապղծության վերջն է»․ Գարիկ Գալեյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։

Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանտվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերաթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի, տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Գարիկ Գալեյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության ներկայացրած հայցադիմումին, ապա Վարչական դատարանի՝ գործը վարույթ ընդունելու որոշմանը, ասաց, որ իր համար անակնկալ չէր այս որոշումը․

Կարդացեք նաև

«Այնպես է, որ ես սպասում էի սրան։ Առաջին իսկ վայրկյանից, երբ դուրս եմ եկել այս դավաճանների դեմ պայքարի, քաջ գիտակցել եմ, որ իմ վրա բազմաթիվ քրեական գործեր կկարեն, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի էժան մեթոդի կդիմեն։ Որ ոստիկանները թաքուն ականջներիս կասեն՝ ձեզ հետ ենք, համաձայն ենք, բայց նաև տակից կեղտոտ արարքի կգնան, չեմ պատկերացրել, որ նման էժան վիճակ է պետական համակարգում․․»։

Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2023 թվականի հունվարի 17-ին։ Սա այն օրն է, երբ Գալեյաններն իրենց որդուն՝ Մխիթարին, ճանապարհեցին բանակ։ Գարիկ Գալեյանը չբացառեց, որ օրը հատուկ են ընտրել, որպեսզի էլ ավելի ցավեցնեն իրենց․

«Ամեն ինչի սպասում եմ այս իշխանություններից, եթե միտումնավոր են այս օրը նշանակել, ապա դա սրբապղծության վերջն է։ Երևի ես, ընտանիքս դարձել ենք իրենց կոկորդի փուշը, երևի, որ մարդ արդարություն է պահանջում, էդ մարդուն փորձում են ամեն ձև ցավեցնել, բայց դե ամեն ինչ չափ և սահման ունի։ Գոյություն ունի բաժակ, որը կարող է լցվել ու թափվել»։

Գարիկ Գալեյանն ասաց, որ բացի իերնից, էլի կան ծնողներ, որոնց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը ևս վարույթ են ընդունվել․

«Ծնողներ կան, որ էլի վարույթներ են ընդունել, դատական նիստ են նշանակել 2023 թվականի հուլիսին»։

Ամփոփելով զրույցը՝ Գալեյանն ասաց, որ Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչքան էլ տարբեր մեթոդներով փորձեն իրենց լռեցնել, միևնույն է, իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, շարունակելու են պայքարը։ Ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանն էլի որոշի գնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, նորից փակելու են նրա ճանապարհը, որպեսզի  հնարավորություն չունենան մոտենալու իրենց որդիների շիրիմներին․

«Թույլ չեմ տալու, եթե անգամ էլի բերման ենթարկեն, տանեն գլուխներս էլ ջարդեն, ինչքան ողջ լինեմ, թույլ չեմ տալու, որ մոտենան որդուս շիրիմին, բայց չեմ կարծում՝ դրանք էդքան երկար մնան իշխանության․․․»։

Տեսանյութեր

Լրահոս