Պատերազմի վտանգն ահռելի մեծ է. քաղաքագետ

«ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Հայաստանը երբեք չի եղել պրոռուսական երկիր, բայց ՌԴ-ի հետ բոլոր ոլորտներում կարողացել ենք համագործակցել շատ հաջող՝  կարողացել ենք ՌԴ բանակը կանգնեցնել հայ-թուրքական սահմանին, կարողացել ենք Ռուսաստանից զենք գնել ներքին գներով, էժան գազ բերել, քան այն վաճառվել է ռուսական շուկայում:

«Եվ սա չի արվել պահանջի լեզվով, այլ շահերի համատեղմամբ»,- ընդգծել է Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօր ՌԴ-ն չի գնալու զիջումների, ավելին, կարող է կոշտ լեզվով խոսի՝ չեք ուզում, մեր զորքը կհանենք, գնացեք՝ թուրքերի հետ ոնց ուզում եք լուծեք ձեր խնդիրները:

«ՌԴ-ն կարող է տարածաշրջանից դուրս գալ 5 տարով, հետո վերադառնալ և ունենալ ոչ միայն այս տարածաշրջանը, այլև Թուրքիայի կեսը»,- հավելել է քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանը նշել է նաև, որ պատերազմի վտանգը չի մեծանում ՀԱՊԿ-ում ստորագրված կամ չստորագրված փաստաթղթով: Իսկ այն, որ այդ վտանգը ահռելի մեծ է, դա անվիճելի է և պայմանավորված է մի շարք գործոններով՝ Ուկրաինայում ձգձգվող ճգնաժամ, ՌԴ-ի ունեցած ձախողումներ, որոնք մշտապես օգտագործում է թուրք-ադրբեջանական դաշինքը՝ այլ տեղերում իրավիճակն իրենց օգտին փոխելու համար:

Տեսանյութեր

Լրահոս