ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության ղեկավարության հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

Քննարկումների առանցքը եւ շեշտադրումն է եղել ՀՅԴ համահայկական կառույցի ողջ ներուժի ներդրումն ի սպաս Արցախի։ Արտաքին ճակատի ուղղությամբ տարվող աշխատանքներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծել է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Տեր-Խաչատուրյանը հստակ նշել է՝ Հ․Յ․ Դաշնակցության նպատակն է՝ գործադրել ամեն ինչ, մոռացության չմատնելու Արցախի հարցը եւ վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ ՀՀ-ի հետ որեւէ համաձայնություն  կնքման պարագայում, անհրաժեշտ է Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդրի շեշտադրումը: Ացախի հարցը մնում է այժմեական է եւ լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձեւաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։

Հստակ է նաեւ ներքին ճակատում ՀՅԴ դիրքորոշումը։ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտել է իր կամքը, սակայն իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը եւ աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ողջունել է Ռուբեն Վարդանյանի պետնախարարի՝ պաշտոնում նշանակվելը եւ հույս ունել, որ նոր մոտեցումներով եւ ուժերի համախմբմամբ կարելի կլինի լծվել նաեւ ներքին ճակատի խնդիրները լուծելուն։ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ոչ միայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն է իր աշխույժ մասնակցությունը բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ աշխարհասփյուռ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր:  ՀՕՄ-ի միջոցով ՀՅԴ մեծ ընտանիքն իր օժանդակությունն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվել է «Արեւային Արցախ»  ծրագիրը, որի շնորհիվ  ՀՕՄ-ի միոցներով արեւային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ գործում են նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց եւ Համազգային Մշակութային Միության գրասենյակ:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ներդրումը:

Տեսանյութեր

Լրահոս