ԱԱԾ-ն պնդում է՝ ԱԺ նախագահին բժիշկ է պետք
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կարծում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ունի բժշկի կարիք։
Կառավարությունը նոյեմբերի 24-ին ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որն ուղարկել է Ազգային ժողով։ Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) նաև ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։
«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նոր կարգավորումների շարքում ԱԱԾ-ն նախագծի հիմնավորումներում նշել է.
«Ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահին բժշկով ապահովելու աղմկահարույց նախագիծը շրջանառվել էր այս տարվա ապրիլից։ Այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ երբ նախագիծը գա խորհրդարան, ինքը կառաջարկի այս կարգավորումը տարածել ԱԺ հաջորդ նախագահի վրա։