Մենք չենք կարող «հույսը դնել բախտի վրա»՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային վթարից խուսափելու համար. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցով Կիևի և Մոսկվայի բանակցությունները շարունակվում են, սակայն տվյալ գոտում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, ինչը լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Ատոմային էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին:

Գրոսսին հայտնել է, որ բանակցությունները «առաջ են գնում», բայց «սա ակտիվ մարտական գոտի է, հետևաբար, համաձայնության հասնելն այնքան էլ հեշտ չէ»:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն ասել է, որ նոյեմբերի 23-ին Թուրքիայում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ, իսկ դրա նախորդ օրը զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

«Ես երկու կողմերի հետ էլ խորհրդակցություններ եմ անցկացնում: Չէի համաձայնի այն գնահատականի հետ, թե մենք որևէ առաջընթաց չունենք, կարծում եմ՝ ունենք: Իհարկե, մենք խոսում ենք մի բանի մասին, որը շատ բարդ է: Սա պատերազմ է: Սա իրական պատերազմ է, և այն պաշտպանական գոտին, որը ես առաջարկում եմ, գտնվում է հենց առաջնագծում», – ասել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին գնդակոծություններից հետո առաջընթաց կլինի:

«Կարծում եմ՝ մենք առաջ ենք գնում, և հուսով եմ, որ անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած տրավմատիկ դրվագները կարող են պարադոքսալ կերպով օգնել մեզ առաջ գնալ այն իմաստով, որ մարդիկ պետք է գիտակցեն, որ մենք չենք կարող շարունակել հույսը դնել բախտի վրա միջուկային վթարից խուսափելու համար», – ասել է Գրոսսին:

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության՝ չորեքշաբթի ավելի ուշ Զապորոժիեի ատոմակայանը «դարձյալ զրկվել է արտաքին էլեկտրական հոսանքից» և փոխարենը ստիպված է եղել ապավինել իր վթարային դիզելային գեներատորներին՝ ստանալու ռեակտորի սառեցման և այլ կարևոր գործառույթների համար իրեն անհրաժեշտ էլեկտրական հոսանքը:

Տեսանյութեր

Լրահոս