«Ներկայացրեցիք ԱԱԾ-ի կադրային փոփոխությունների հարցը, մինչդեռ բոլորիս հուզող հարցադրում կա արխիվների հետ կապված»․ Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում անդրադառնալով ԱԱԾ-ի արխիվները ոչնչացնելու մասին հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին․
«ԱԱԾ-ի փաթեթում ներկայացրեցիք ընդամենը կադրային փոփոխությունների հարցը, մինչդեռ շատ ավելի սկզբունքային և հանրությանը, բոլորիս հուզող հարցադրում կա արխիվների հետ կապված»։
Ֆինանսների փոխնախարարն առաջարկեց արխիվի հետ կապված դրվագին անդրադառնալ հարցի բովանդակային քննարկման համատեքստում․
«Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, այլ դրվագներ էլ կան, որ պակաս կարևոր չեն, որովհետև ծառայության համար թույլատրվող առավելագույն ժամկետն է առաջարկվում վերանայել, ատեստավորման համակարգն է առաջարկվում վերանայել՝ արտահերթ ատեստավորումներ կազմակերպելու տրամաբանությամբ․․․»։
Անդրադառնալով միկրոձեռնարկատիրության հարկային համակարգի վերանայման վերաբերյալ առաջարկվող փոփոխությանը, որի քննարկման համար ընդամենը 3 ժամ է հատկացվել, Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ հարկային օրենսդրության համաձայն՝ սուբյեկտով պայմանավորված նոր հարկատեսակը պետք է գործողության մեջ դրվի 7 ամսից ոչ շուտ, ապա հարցրեց, թե 3 ժամում ինչպե՞ս են հանրության տեսակետը լսելու նշված հարցերի վերաբերյալ։
Ֆինանսների փոխնախարարն էլ արձագանքելով պատգամավորին՝ ասաց, որ նոր հարկատեսակներ չե՛ն սահմանում, եղածի դրույքաչափն էլ չե՛ն բարձրացնում․ 6-ամսյա ժամանակահատվածը դրանց համար է․
«Հաշվի առնելով, որ վարձու աշխատողների համար նախատեսված այդ 5000 դրամի դրույքաչափն է առաջարկվում բարձրացնել, մենք պատրաստակամ ենք քննարկել և այդ 6-ամսյա ժամանակահատվածը նախատեսել, որպեսզի ընդհանրապես հարց չլինի, թեև իրավական առումով հիմա էլ վստահ ենք, որ այդ սահմանափակումը չկա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում