Մոլդովայի հաշվիչ պալատը «Գազպրոմ»-ի հանդեպ երկրի պարտքը գնահատել է 591 մլն դոլար
Մոլդովայի հաշվիչ պալատը հաշվել է, որ «Գազպրոմ»-ի հանդեպ «Մոլդովգազ» ձեռնարկության պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 590,8 մլն դոլար: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ինչպես ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում, ամփոփելով «Մոլդովգազ»-ի աուդիտի արդյունքները՝ պարտքի հիմնական մասը՝ 394,1 մլն դոլարի չափով, ձևավորվել է 2011-ից մինչև 2015 թվականներին, իսկ 144,5 միլիոնը՝ 1999 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի դեկտեմբեր:
Եվս 37,3 միլիոն դոլարը 2021 թվականի դեկտեմբերի պարտքն է, իսկ 14,6 միլիոն դոլարը՝ մինչև 1999 թվականի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանի: Սա դարձել է Մոլդովայի և «Գազպրոմ»-ի հարաբերությունների հիմնական խնդրահարույց թեման: Կոնցեռնը կարծում է, որ երկրի պարտքը 709 մլն դոլար է, որից բուն պարտքը 433 մլն դոլար է, իսկ մնացածը վճարումների ուշացման համար տույժն է:
2021 թվականին «Գազպրոմ»-ը պահանջել է պարտքի մարում: Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ գումարի ստույգ չափը կհաստատեն միայն անկախ միջազգային աուդիտից հետո: 2021 թվականի հոկտեմբերին կողմերը կնքել են համաձայնագիր, ըստ որի Մոլդովան պետք է այդ աուդիտն անցկացներ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը: Սակայն Քիշնևը չի կարողացել ժամանակին համապատասխան կատարող գտնել:
Օգոստոսին Մոլդովան պարտավորագիր է կնքել Wikborg Rein Advokatfirma AS-ի և Forensic Risk Alliance & Co.-ի հետ: Ակնկալվում է, որ աուդիտի արդյունքները հասանելի կլինեն 2023 թվականին: Հոկտեմբերից «Գազպրոմ»-ը Մոլդովա գազի մատակարարումները կրճատել է օրական մինչև 5,7 մլն խորանարդ մետրի, ինչը կազմում է հոկտեմբերին երկրի պահանջների 70 տոկոսը և նոյեմբերի՝ մոտավորապես 50 տոկոսը: