2023 թ.-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2,2 %-ի աճ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) 2023 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ակնկալվող տարեկան աճի կանխատեսումը պահպանել է 2,2 տոկոսի մակարդակում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«2022 թվականին գլոբալ աճն սպասվում է 3,1 տոկոսի մակարդակում՝ կիսով չափ պակաս 2021 թվականի տեմպերից, երբ տնտեսությունը վերականգնվում էր կորոնավիրուսի համավարակից: 2023 թվականին սպասվում է գլոբալ աճի հետագա նվազում մինչև 2,2 տոկոս», – նշված է ՏՀԶԿ-ի կայքում հրապարակված նոր տնտեսական ամփոփագրում:
Այսպիսով, կազմակերպությունը հաստատել է սեփական կանխատեսումը, որով այն հանդես էր եկել սեպտեմբերի վերջին:
ՏՀԶԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ԱՄՆ-ում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 1,8 տոկոս, իսկ 2023-ին՝ 0,5 տոկոս, մինչդեռ Չինաստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,3 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 4,6 տոկոս:
Փորձագետների տվալներով՝ Եվրամիության գոտում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3,3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 0,5 տոկոս: Ինչպես նշում են ամփոփագրի հեղինակները, «գլոբալ տնտեսությունն ապրում է ամենամեծ էներգետիկ ճգնաժամն՝ սկսած 1970-ական թվականներից»:
«Էներգետիկ շոկը գնաճը հասցրել է մի քանի տասնամյակի ընթացքում աննախադեպ մակարդակի և տնտեսական աճի նվազում է առաջացրել ամբողջ աշխարհում», – ընդգծում են ՏՀԶԿ-ի փորձագետները: Մասնագետները նախազգուշացնում են, որ 2023 և 2024 թվականներին «աճի շարժիչը կլինեն Ասիայի երկրները, մինչդեռ Եվոպային, Հյուսիսային և Հարավային Ամերիկային սպասվում են աճի խիստ ցածր տեմպեր»: