«Պատճառը Երևանի ավագանու անդամն է, որն օգտագործում է իր պետական լծակները». Աբգար Պետրոսյան

Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն այսօր կրկին Երևանի քաղաքապետարանի առջև էր պահանջով՝ վերականգնել իրենց հասանելիք ֆինանսավորումը:

Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրեն («Հայաստան» ՄՀԿ) Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախապատմությանը. «Քանի որ հեծանվային սպորտը շատ թանկ սպորտաձև է, իսկ հեծանվահրապարակն արդեն հնամաշ էր, մենք գնացել ենք ներդրումային ծրագրի. մեր սեփականությունը՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2008թ.  գրության հիման վրա նվիրաբերել ենք Երևան համայնքին: Համայնքն այն տվել է իտալական «Ռենկո» կազմակերպությանը՝ պայմանով, որպեսզի կառուցվի նոր հեծանվահրապարակ և Երևան քաղաքի համար ֆինանսական աղբյուր, որպեսզի կարողանանք մեր սպորտաձևը պահել:

Պետության կողմից թեև ունենք  ֆինանսավորում, բայց դա չի բավականացնում հեծանվասպորտին, որը թանկարժեք սպորտաձև է: Հեծանվահրապարակը կառուցվել է «Ռենկոյի կողմից», կառուցվել է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի»:

Աբգար Պետրոսյանը նշեց, որ իրենց ՀԿ-ին պատկանող տարածքը գտնվել է Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում, իսկ նոր հեծանվահրապարակը կառուցվել է Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում:

Ըստ նրա՝ թեև բոլորը ստացել են իրենց «հասանելիքը», «Ռենկոն»՝  համապատասխան տարածք, Երևանն օգտվում է ավտոկայանատեղից, բայց իրենց ֆինանսավորումը չկա. խոսքը 72 միլիոն դրամի մասին է:

Ի թիվս այլ պատճառների՝ Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրենը դրանում մեղադրում է նաև Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին, որը, ըստ նրա,  օգտագործում է իր պետական լծակները:

«Անտոնյան Արման անուն-ազգանունով մի անձնավորություն, որը 2014 թվականից Հայաստանի Հեծանվային ֆեդերացիայի փոխնախագահ է աշխատել, և ում հետ այնտեղ խմորումներ են եղել (չենք ուզել՝ մեզ հետ աշխատի, որովհետև ինքը չի եղել մարզիկ, չի պատկերացնում այդ ոլորտը, կրթություն չունի), նեղված գնացել է, թե ինչ սկզբունքով, ոնց` դարձել է Երևանի ավագանի և այդ օրվանից սկսել է պայքարել մեր դեմ, խաթարել է մեր աշխատանքը»,- մանրամասնեց նա՝ նկատելով, որ 2020 թվականի հունիսի 25-ի ավագանու հերթական նիստում Արման Անտոնյանի ելույթն է իրենց տվել հարցի պատասխանը, թե ով է առնչվում ֆինանսավորման հետ կապված խնդիրներին:

Աբգար Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ նամակ է փոխանցել ավագանու երեք խմբակցություններին և քաղաքապետին՝ պահանջով՝ ուսումնասիրել խնդիրը և տալ արդարացի լուծում:

«Մեր պահանջն է՝ վերականգնել մեր ֆինանսավորումը, որպեսզի տարածաշրջանում լավագույն հեծանվահրապարակը՝ որպես նեղ մասնագիտական կառույց, լինելով միակը ՀՀ-ում, չքանդվի»,- շեշտեց Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս