Բաժիններ՝

«Հանեցե՛ք ձեր վրայի հին մարդուն և հագե՛ք նորը»

Աստվածային սերը դրսևորվեց արարչագործությամբ, որի պսակը, կենտրոնը և գլուխը հանդիսացող մարդը բազում պատիվների արժանացավ Արարչի կողմից:

Ըստ սբ. Գրիգոր Տաթևացու՝ այդ պատիվները բազում են. մարդը ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր և իշխան, և նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր և դրեցիր նրա ոտքերի տակ» (Սաղմոս 8:6):

Բոլոր արարածները մարդու ծառաներն ու սպասավորներն են. ոմանք՝ որպես լծկան, ոմանք՝ որպես բեռնակիր, ոմանք էլ՝ այևայլ կարիքների համար: Իսկ մարդը ոչ ոքի ծառան չէ, այլ ազատ է և ինքնակալ: Սրա մասին է խոսում նրա կազմվածքը, որ դեպի վեր է ուղղված և ոչ թե անասունների պես կորագլուխ՝ ի նշան հնազանդության:

Հաջորդ պատիվը՝ մարդն իր մեջ կրում է բոլոր արարածների նմանությունը. քանզի անշունչների պես տեսանելի գոյացություն է, բույսերի պես աճում է, կենդանիների պես՝ զգում և հրեշտակների պես՝ գիտենում:

Մարդու համար պատիվ է այն, որ Աստված նախ խորհեց, թե ինչ ստեղծի, և ինչպիսին լինի, ում վրա իշխի և ում պատկերն ունենա, և ապա ստեղծեց մարդուն: Բոլոր արարածների համար Արարիչն ասաց և եղան, հրամայեց և հաստատվեցին, իսկ մարդուն ձեռքով արարեց:

Իսկ գերագույնը բոլոր պատիվներից այն է, որ մարդը ստեղծվեց Աստծու կերպարանքով և նմանությամբ, այսինքն՝ մտքով, բանականությամբ, անձնիշխանությամբ, սրբությամբ, բարությամբ և այլ հատկություններով: Աստված հոգի է, և ուրեմն այս պատկերն ու նմանությունն էլ հոգևոր է:

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մեղքը Աստծու պատկերը և նմանությունը կրող մարդուն զրկեց որոշ պատիվներից և այն լիարժեք իշխանությունից, որ ուներ ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա, որոնց և անվանակոչել էր ինքը (Ծննդոց 2:19): Հետո և այսօր էլ մարդն սկսեց վախենալ որոշ կենդանիներից, ինչը և չկար դրախտում: Աստծու մեծագույն սերը մարդու հանդեպ նորից դրսևորվեց, քանի որ Աստված ոչ բոլոր պատիվներից զրկեց նրան: Մարդն այն կենդանիների հանդեպ կորցրեց իշխանությունը, որոնք կյանքի համար այդքան էլ անհրաժեշտ չէին, իսկ օգտակար և անհրաժեշտ կենդանիները մնացին նրա իշխանության ներքո: Աստված, պատժելով մեղավորին, դատապարտեց մշտական աշխատանքի և քրտինքի՝ «Երեսիդ քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ», բայց որպեսզի այդ ջանքն ու քրտինքն անտանելի չլինեին, թեթևացրեց չարչարանքն ու ծանրաբեռնվածությունը աշխատանքի մեջ օգնող բազում անբաններով:

Ժամանակի անիվը պտտվեց, և Քրիստոս մահվան դեմ Իր հաղթանակով դրախտից զրկված մարդուն վերստին արժանացրեց դրախտի: Աստծու փրկարար շնորհի միջոցով չարի գայթակղություններով լի աշխարհում միայն ճշմարտությունը փնտրող մարդը վերագտավ և վերագտնում է այն նոր մարդուն, որին ստեղծել էր Աստված՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ: Այդ պատճառով Նոր Կտակարանում մի քանի անգամ հանդիպում ենք այս հորդորին՝ հագեք նոր մարդուն․ «Հանեցե՛ք ձեր վրայի հին մարդուն իր գործերով: Հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի» (Կողոսացիներ 3:9-10), (Եփեսացիներ 4:25):

Մեղքը վնասում և ապականում է Աստծու պատկերը մարդու մեջ, բայց երբ մարդը սրբվում է իր մեղքերից, նրա մեջ վերստին պայծառանում է Աստծու պատկերը, որն ուներ ի սկզբանե՝ նախքան մեղանչելը: Աստծու պատկերով աշխարհ եկած մարդը պետք է փորձի նմանվել Աստծուն, այսինքն՝ ապրի սիրո, խոնարհության, զոհողության, իմաստության, ողորմածության, քաջության և այլ առաքինությունների մեջ: Քրիստոս ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես, որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48): Իսկ դեպի Կատարելություն ընթացողների օրինակները Ադամից և Եվայից սկսյալ, շարունակվելով Հին ու Նոր Կտակարաններով, սրբերի վարքով, քաջալերում և ներշնչում են այդ նույն ուղով ընթացող այսօրվա մարդուն: Առանց այդ նմանության Աստծու հետ հարաբերությունը դառնում է անհնարին:

Սբ. Պողոս առաքյալն էլ հորդորում է ապրել որպես լույսի որդիներ. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես սիրելի զավակներ և ընթացե՛ք սիրով, ինչպես, որ Քրիստոս սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփեսացիներ 5:1-2):

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս