Բաժիններ՝

Սեզոնի ընթացքում քանի անգամ է «թույլատրելի» մրսել-հիվանդանալ․ պարզաբանում է բժիշկը

Որքա՞ն հաճախ է «թույլատրելի» մրսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում և որ դեպքում կարելի է խոսել իմունային համակարգի խախտումների մասին, այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է թերապևտ և ընտանեկան բժիշկ Տատյանա Ռոմանենկոն։

Մրսածությունը հիպոթերմային ֆոնի վրա շնչառական վարակով վարակվելու հետևանքով առաջացած հիվանդություն է, նշել է նա։ Օդի ցածր ջերմաստիճանի դեպքում, մասնավորապես, աշուն-ձմեռ ժամանակահատվածում մարդիկ սկսում են ավելի հաճախ մրսել-հիվանդանալ։ Այնուամենայնիվ, իդեալական դեպքում, չափահաս մարդը չպետք է վարակվի շնչառական վարակներով, վստահ է բժիշկը:

«Մանկապարտեզում երեխաները հիվանդանում են ամեն շաբաթ կամ ամիսը մեկ անգամ: Նրանց իմունային համակարգը ստերիլ է, և երբ նրանք մտնում են խումբ, առնչվում են վիրուսների և բակտերիաների հետ: Բայց մեծահասակների մոտ իմունային համակարգը մարզված է. նրանք չպետք է վարակվեն՝ նույնիսկ հիվանդ մարդու հետ շփվելով»,- ասել է Ռոմանենկոն։

Նրա խոսքով, ամբողջ ցուրտ սեզոնի ընթացքում մրսածությունը կարելի է «հանդուրժել» ոչ ավելի, քան երկու անգամ՝ ներառյալ աշուն-ձմեռ և ձմեռ-գարուն ժամանակահատվածները:

«Ցուրտ սեզոնին՝ աշուն-ձմեռ և ձմեռ-գարուն, մեկ-երկու անգամ հիվանդանալը թույլատրելի է, եթե ավելի հաճախ, ապա դա մտածելու առիթ է: Մարդը, ով ցուրտ սեզոնին երկու անգամից ավելի է հիվանդանում կամ երկար ժամանակ շնչառական վարակներով է տառապում, պետք է դիմի մասնագետի»,- զգուշացրել է բժիշկը։

Քրոնիկ վարակները, թերսնուցումը, ֆիզիկական անգործությունը, ատամների վատ վիճակը և որոշ այլ գործոններ կարող են բացասական ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, նշել է մասնագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս