Իրանը հետևողականորեն ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկացած թյուրիմացություն վերացնելու ուղղությամբ. Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդականն ընդգծել է, որ Իրանը միշտ ուշադիր է եղել իր հարևանների նկատմամբ և երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու կամ վերահսկելու Ադրբեջանը։
Tasnim լրատվական գործակալության համար հոդվածում Ալի Աքբար Վելայաթին հերքել է Իրանի հասցեին հնչող մեղադրանքներն առ այն, թե Իսլամական Հանրապետությունը ծրագրել է հարձակվել Ադրբեջանի Հանրապետության վրա կամ զավթել իշխանությունը հարևան երկրում:
Նրա խոսքով` Իրանը երբեք չի նախանձել իր հարևաններին. ընդհակառակը, միշտ հաշվի է նստել նրանց հետ և ցանկություն է դրսևորել դրական հարաբերություններ պահպանել բոլորի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն ջանքեր է գործադրել հարաբերությունները բարելավելու՝ իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ ցանկացած թյուրիմացություն վերացնելու ուղղությամբ, ասել է պաշտոնյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ «հակաիրանական քարոզչության և Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից զրպարտչական արշավի պատճառով»: