Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Թուրքիայի ԶՈւ–ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է եղել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, հայտնում է Anadolu-ն:
Հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց օդային գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` ինքնապաշտպանության նպատակով։
«Հաշվեհարդարի ժամը եկել է», – գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։
Ավելի վաղ քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչ Ֆարհադ Շամին հայտարարել էր, որ Թուրքիան հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի վրա, որը գտնվում է նրանց վերահսկողության տակ:
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ հետիոտնային փողոցում պայթյուն էր տեղի ունեցել ։ Զոհվել էր 6 մարդ, տուժել ՝ 81։ Երկրի ղեկավարությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի կենտրոնում հնչած պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» ձեռքի գործն է: Այս երկու ուժերը Թուրքիայում ճանաչվել են ահաբեկչական։