Բաժիններ՝

Լինենք ոչ թե «կատարյալ», այլ՝ ինչպիսին կանք

«և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթեոս 6։4)

Ողորմածությունը միշտ էլ հաճելի է Տիրոջը։ Չէ՞ որ թվում է՝ չկա մարդասիրության ու բարեգործության մեկ այլ կատարյալ օրինակ: Գիտենք, որ Աստված ողորմած է, և մենք էլ՝ որպես ժառանգները Նրա պատգամների, որպես անկատարներ, որոնք ձգտում են մշտապես նմանվել Կատարյալին, առնում ենք այս օրինակը՝ փորձելով օգնել կարիքավոր մարդկանց, ովքեր հանդիպում են մեր ճանապարհին։

Ոչինչ չի խանգարում մեզ ողորմած լինել բացառաությամբ մի արատավոր երևույթից, որը կոչում են եսասիրություն։ Երբ մարդ միայն ինքն իրեն է տեսնում, այլևս չի ցանկանում մտածել այլոց մասին, սակայն երբ մի կողմ ենք դնում մեր եսասիրությունը, ողորմածությունը դառնում է հնարավոր՝ մեկ քայլով ավելի մոտեցնելով մեզ Տիրոջը։

Երբեմն, օգնելով այլոց, ցանկանում ենք բարձրաձայնել, պատմել դրա մասին շատերին։ «Լավություն արա և գցիր ջուրը»,- ասում է մեր իմաստուն ժողովուրդը՝ հիշեցնելով այն մասին, որ նույն պահին պիտի մոռանանք մեր գործած բարի գործը՝ չսպասելով որևէ պատասխանի։ Թվում է՝ ամեն բան պարզ է՝ պետք է լռել և գործել, սակայն այնքան ենք դժվարանում այս գործում։ Աստվածաշնչում մի հատված կա՝ Ողորմության մասին, որը մեզ համար ուղենիշ է այս պարզ թվացող, սակայն բարդ ճանապարհին․ «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթեոս 6։1-4)։

Ողորմածությունն առաջնահերթ անկեղծություն է պահանջում։ Ուստի՝ աստվածաշնչյան պատգամներին ականջալուր լինելով՝ փորձենք ոչ թե լինել շինծու, լինել իբրև թե «կատարյալ»՝ մերօրյա աշխարհի չափանիշներով, այլ լինենք այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր թերություններով ու առավելություններով։ Լռե՛նք մեր կատարած թեկուզ բարի գործերի մասին՝ թողնելով ամեն բան Ամենատես Աստծուն։ Այդ դեպքում իրական ողորմածությունը դառնում է անխուսափելի, քանզի միայն ու միայն հոգու պարզության մեջ է երևում Աստծո արարչական կնիքը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս